Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կայացել է «ՏՏ ոլորտի երկխոսություն 2022» թեմայով միջոցառումը

Նոյեմբերի 16-ին կայացել է հանդիպում-քննարկում «ՏՏ ոլորտի երկխոսություն 2022» թեմայով, որին մասնակցել են պետական համակարգի պաշտոնյաներ և ոլորտային ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական Աննա Գասպարյանը ներկաներին է փոխանցել փոխվարչապետի ողջույնի խոսքը, որում վերջինս կարևորել է ՏՏ ոլորտի առանցքային դերը ՀՀ տնտեսության զարգացման գործում: «ՀՀ-ն տեխնոլոգիական կլաստերի է վերածվում: Երևանը շատ հայտնի ընկերությունների տունն է դառնում: Ուրախ ենք բոլորին ողջունել այստեղ և հպարտ ենք, որ բարձրակարգ մասնագետները հենց մեր երկիրն են ընտրում: Մենք էլ, մեր հերթին, ամեն ինչ անում ենք մեր ներդրումն ունենալու, դյուրացնելու պետական ծառայությունները՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով ոլորտի հետագա զարգացման համար»:

Այնուհետև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ներկայացրել է նախարարության ռազմավարությունը, իրականացվող մի շարք ծրագրերի մանրամասներ, որոնք ներառում են աջակցության, արտոնությունների տրամադրման բաղադրիչներ: Կարևորելով Հայաստանում գործունեություն ծավալած ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները՝ նախարարի տեղակալը նշել է, որ այն կօգնի հասկանալ, թե ինչ խնդիրներ և լուծման հնարավորություններ կան:

Անդրադառնալով Գլոբալ ինովացիոն ինդեքսի ցուցանիշներին՝ Դավիթ Սահակյանը նշել է, որ թեև ըստ ինդեքսի 2022թ. Հայաստանն իր դիրքերը զիջել է, սակայն ինստիտուցիոնալ ցուցանիշների առումով՝ բարենպաստ դիրք է զբաղեցնում, ինչը ենթադրում է, որ ոլորտի բարելավմանն ուղղված պետական քաղաքականությունը հաջողել է, աճել է ՏՏ ոլորտի ծառայությունների, ոլորտային ընկերությունների, մասնագետների թիվը:

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (Էնթերփրայզ Արմենիա) գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանն իր հերթին ողջունել է միջոցառման մասնակիցներին, ընդգծել Հայաստանում գործունեություն ծավալած ՏՏ ոլորտի ընկերությունների, տեխնոլոգիական ասոցիացիայի ներկայացուցիչների, ՀՀ պետական կառույցների հետ հանդիպումների կարևորությունը, ինչը կնպաստի օպտիմալ լուծումների մշակմանը, ՀՀ–ում ընկերությունների ինտեգրմանը, օրենսդրական և այլ կարգավորող գործընթացների բարելավմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն էլ խոսել է տնտեսության արդիականացմանը միտված ծրագրերի մասին։ Իսկ «Ձեռնարկությունների ինկուբաատոր» հիմնադրամի ծրագրի ղեկավար Մարի Բարսեղյանը մանրամասներ է ներկայացրել է հիմանադրամի գործունեության վերաբերյալ:

Ինժեներական ասոցացիայի նախագահ Արամ Սալաթյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաքի» կոնցեպտը, ըստ որի ընդհանուր օգտագործման սարքավորումների շուրջ ընկերություններ են տեղակայվում, իսկ հետագայում նախատեսվում է նաև «Գործարանային քաղաք» հիմնել:

Հաջորդիվ տեղի է ունեցել հարց ու պատասխան, որի ընթացքում ոլորտային ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հարցերն են ուղղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի, Միգրացիոն ծառայության, ՊԵԿ-ի և ոլորտային ընկերությունների պատասխանատուներին:

«ՏՏ ոլորտի երկխոսություն» թեմայով միջոցառման կազմակերպիչը «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (Էնթերփրայզ Արմենիա) էր:

Նմանատիպ գրառումներ