Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է Ucom-ի նոր՝ ժամանակակից թվային լուծումներով Uplay հարթակի գործարկումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ապրիլի 15-ին մասնակցել է Ucom-ի թվային փոխակերպման ծրագրի շրջանակներում իրականացվող նորարարական հեռուստատեսային (TV) և մեդիահարթակի գործարկումն ազդարարող միջոցառմանը։

Կարևորելով ժամանակակից թվային լուծումներով հարթակի գործարկումը, Մխիթար Հայրապետյանը նշել է, որ «Հայաստանը որդեգրել է թվային վերափոխման համապետական ռազմավարություն, որի հաջողությունն անհնար է առանց մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածության։ 

«Տեխնոլոգիական առաջընթացն այսօր այլևս միայն գործիք չէ․ այն միջավայր է, որտեղ ձևավորվում են կրթությունը, տնտեսությունը, մշակույթն ու հանրային ծառայությունները։ Թվային լուծումները վաղուց դուրս են եկել ոլորտային սահմաններից և արդեն ներգործում են մեր կյանքի գրեթե բոլոր կողմերի վրա։

Մենք, որպես պետություն, նպատակ ունենք խթանել այն միջավայրը, որտեղ թվային լուծումները դառնում են զանգվածային և հասանելի։ «Փոխակերպելով ապագան․ Ժամանցի թվային դարաշրջան» նախաձեռնությունը դրա վառ օրինակներից մեկն է։ Մենք ականատես ենք այն փուլին, երբ թվային տեխնոլոգիաները ոչ միայն համընթաց են ժամանակակից աշխարհի պահանջներին, այլ նաև ձևավորում են նոր չափանիշներ։ Այս հարթակի գործարկումը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի խորհրդանիշ է, այլև վստահ քայլ՝ Հայաստանը դիրքավորելու որպես առաջատար տարածաշրջանի թվային շուկայում։

Շնորհակալություն եմ հայտնում Ucom-ին՝ շարունակական ներդրումների, համաշխարհային առաջատար գործընկերների հետ համագործակցության և ոլորտի զարգացմանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։ Սա ևս մեկ վկայություն է, որ միասին մենք կառուցում ենք այն Հայաստանը, որտեղ առաջադեմ տեխնոլոգիաները հասանելի են բոլորին՝ ապահովելով բարձր որակ, ազատություն և ճկունություն»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է, որ «UPlay-ն ավելին է, քան պարզապես հեռուստատեսային հարթակ՝ այն ժամանցի նոր չափանիշ է.

«Մենք համատեղել ենք առաջադեմ տեխնոլոգիաներն օգտատերակենտրոն դիզայնի հետ՝ ստեղծելով բոլոր էկրանների համար մեկ ընդհանուր փորձառություն, որը մեր հաճախորդներին մատուցում է լավագույնը հեռուստատեսության և մեդիայի ոլորտում։ Մենք շատ ոգևորված ենք այս պրոդուկտով՝ այն հերթական կարևոր քայլն է թվային փոխակերպման մեր ճանապարհին։ Վստահ ենք, բաժանորդներն այն շատ բարձր կգնահատեն», - նշել  է Ռալֆ Յիրիկյանը։

UPlay նոր TV և մեդիա հարթակն ունի ժամանակակից և պարզ ինտերֆեյս։ Մեկ օգտահաշվով կարելի է ծառայությունից միաժամանակ օգտվել մինչև 5 սարքով,  «Շարունակական դիտում» ֆունկցիան էլ թույլ է տալիս անցնել մեկ սարքից մյուսին՝ առանց դիտումն ընդհատելու։

Նոր OTT լուծման շնորհիվ, հարթակից կարելի է օգտվել նույնիսկ այն վայրերում, որտեղ հասանելի չէ Ucom-ի ֆիքսված ինտերնետ ցանցը։

Հարթակը մշակվել է MediaKind ընկերության հետ, որը գլոբալ առաջատար է մեդիա և հոսքային տեխնոլոգիաների ոլորտում։  

Հատկանշական է, որ Ucom ընկերությունն արդեն ՀՀ 28 մարզային քաղաքներում  գործարկել է 5G տեխնոլոգիա։

Նմանատիպ գրառումներ