ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն այցելել է Դիլիջանի ինժեներական ամառային դպրոց
- Հրապարակվել է՝ 30/07/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հուլիսի 29-ին այցելել է Դիլիջանում ընթացող ինժեներական ամառային դպրոց՝ «Ժամանակակից կապի ցանցեր և քվանտային տեխնոլոգիաներ» թեմայով։ Նախաձեռնությունն իրականացվում է Հայ-ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի կողմից։
Նախարարի տեղակալը, ինստիտուտի տնօրեն Ահարոն Ահարոնյանի ուղեկցությամբ, շրջել է ամառային դպրոցի տարածքում։ Ներկայացվել են դպրոցի տեխնիկական բաղադրիչները, իրականացված փորձարարական նախագծերը, օգտագործվող սարքավորումները, ինչպես նաև ամառային դպրոցի ամբողջական կրթական ծրագիրը։
Այնուհետև տեղի է ունեցել բացօթյա հանդիպում՝ խարույկի մոտ՝ ոչ ֆորմալ միջավայրում։ Ողջույնի խոսքում Գևորգ Մելիքսեթյանն ուսանողներին ներկայացրել է նախարարության ծրագրերը, երիտասարդ մասնագետների և հետազոտողների համար նախատեսված նախաձեռնությունները, ինչպես նաև առանձնահատուկ ընդգծել է կապի և փոստային ոլորտում ընթացիկ նախագծերը։
Հանդիպման ընթացքում կազմակերպվել է ակտիվ քննարկում ու հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրացնել իրենց հետաքրքրող հարցերը։ Մասնավորապես, քննարկվել են Հայաստանում «Starlink» արբանյակային ինտերնետ ծառայության հասանելիությունը, ինչպես նաև 5G ցանցերի ներդրման հեռանկարները։
Այցի ավարտին նախարարի տեղակալը հանդես է եկել կարճ դասախոսությամբ՝ ներկայացնելով իր դիտարկումները «առաջնորդի» (leader) և «մենեջերի» (manager) դերերի տարբերությունների և ընդհանրությունների վերաբերյալ՝ խրախուսելով երիտասարդներին դրսևորել նախաձեռնողականություն և պատասխանատվություն իրենց մասնագիտական ճանապարհին։