Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուսանողական հաքաթոնն ամփոփել է մրցույթի արդյունքները. հայտնի են հաղթող 3 թիմերը

Օգոստոսի 28-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Ուսանողական հաքաթոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ամփոփվել է մրցույթի արդյունքները. լավագույն լուծումներ առաջարկած  3  թիմեր պարգևատրվել են:

Առաջին մրցանակին է արժանացել Հայ-ռուսական համալսարանի «GDS» թիմը՝ ստանալով 2.5 մլն դրամ, երկրորդ մրցանակին` հայ-ռուսական համալսարանի «Mayk Talk» թիմը, իսկ երրորդին՝ Վանաձորի պետական համալսարանի «VanLogic» թիմը, որոնք համապատասխանաբար ստացել են 1.5 և 1 մլն ՀՀ դրամ:

Հաղթողները 24 թիմերի մրցապայքարում ներկայացրել են լավագույն լուծումներ երեք ուղղություններով՝ տարերային աղետների կանխատեսման և կառավարման տեխնոլոգիաներ, պատկերների թվային մշակում և խելացի տեխնոլոգիական լուծումներ քաղաքաշինության մեջ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, շնորհավորելով մասնակիցներին,  նշել է, որ ԲՏԱ նախարարությունը շատ է կարևորում Հաքաթոնի անցկացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս համալսարանից ստացած տեսական գիտելիքն ամրացնել պրակտիկ աշխատանքի միջոցով։

«Այս երեք օրերի ընթացքում դուք  ձեր գաղափարները վերածեցիք իրական նախագծերի։ Վստահ եմ՝ սա ձեր մասնագիտական զարգացման սկիզբն է։ Մրցակցությունն ապագայում ավելի է ուժեղանալու, և նախարարությունը շարունակելու է ստեղծել հարթակներ, որտեղ դուք կկարողանաք կիրառել ձեր գիտելիքներն ու կարողությունները», – նշել է նա։

Ծրագրի նպատակն է ամրապնդել կապերը բուհերի և ուսանողների հետ, ուղղորդել նրանց տեխնոլոգիական ոլորտ, կատարելագործել գործնական հմտությունները, ստեղծել մրցակցային դաշտ և խրախուսել նորարարական մտքերն ու լուծումները:

Հիշեցնենք, որ եռօրյա միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների  շուրջ 100 ուսանող:

Նմանատիպ գրառումներ