Հանդիպում Մխիթար Հայրապետյանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների միջև՝ առցանց միջավայրում երեխաների անվտանգության ամրապնդման և բարձրացման նպատակով
- Հրապարակվել է՝ 31/07/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 31-ին ընդունել է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ։ Հանդիպման նպատակն էր քննարկել երեխաների առցանց միջավայրում պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը և կրթական հնարավորությունների ընդլայնմանը միտված նախաձեռնությունները։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Քննարկման շրջանակում կողմերն անդրադարձել են մի շարք առաջնահերթ ուղղությունների, այդ թվում՝ երեխաների առցանց անվտանգության ապահովմանը, այդ համատեքստում տեխնոլոգիական ոլորտում ոչ ֆորմալ կրթության զարգացմանը և հոգեկան առողջության ոլորտում նոր թվային լուծումների ներդրմանը։ Հանդիպումն ուղղված էր արդյունավետ համագործակցության ճանապարհային քարտեզի մշակմանը՝ նպատակ ունենալով ստեղծել անվտանգ, կրթական և հզորացնող թվային միջավայր, որը կնպաստի երեխաների և երիտասարդների լիարժեք զարգացմանը։
Նախարար Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ պրոֆեսիոնալ, հետևողական և հոգատար համագործակցության համար, ներկայացրել է նախարարության տեսլականը երեխաների առցանց պաշտպանության ռազմավարության և հետագա գործողությունների վերաբերյալ։ Նախարարն առանձնացրել է մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ կիբեռգրագիտության խթանումը հանրության կրթության մակարդակի բարձրացման միջոցով, միջազգային առաջատար ընկերությունների ներգրավմամբ տեխնոլոգիական լուծումների կիրարկումը, երեխաների պաշտպանության նպատակով օրենսդրական սահմանափակումների ներդրումը, ինչպես նաև քաղաքական և իրավական մեխանիզմների զարգացումը՝ արդյունավետ և կայուն համակարգերի հաստատման ուղղությամբ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն իր հերթին ներկայացրել է Հայաստանում իրականացված և ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ մասնավորապես ոչ ֆորմալ կրթության խթանման, տեսախաղերի միջոցով կիբեռգրագիտության զարգացման, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի ձևավորման, ինչպես նաև հոգեկան առողջության պահպանման ուղղությամբ կատարված քայլերը։
Հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ուղղված համագործակցության հաջորդ փուլերի ձևավորմանը։