Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԱԺ-ն երկրորրդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 9:

ԱԺ դեկտեմբերի 3-ին կայացած լիագումար նիստում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ներկայացնելով օրենքների նախագծերի փաթեթը՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ վերջինս կկարգավորի Հայաստանում կիբեռպաշտպանության, կիբեռանվտանգության և կիբեռհիգիենայի կանոնները՝ թիրախավորելով երկրի համար կարևոր ենթակառուցվածքների և կենսական նշանակության ոլորտներում ծառայությունների կիբեռպաշտպանությունը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում։

Նշվել է, որ առաջին և երկրորդ ընթերցումների ընթացքում նախագծերում որոշակի փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով Կառավարության և ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկները։

Նախարարն ընդգծել է, որ «Հայաստան» խմբակցության առաջարկներից առանցքայինն ու բովանդակայինը վերաբերում էր նոր ստեղծվող ինքնավար մարմնի՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգին։  Եթե առաջին ընթերցման տարբերակում նախագծով առաջարկվում էր, որ հանձնաժողովի հինգ անդամներին պետք է առաջադրի  գործադիրը, ապա «Հայաստան» խմբակցության առաջարկով  Ազգային ժողովի խմբակցությունններին  ևս հնարավորություն է տրվում մեկական թեկնածուներ առաջադրելու և ներկայացված լինելու հանձնաժողովում։ Նախարարը գոհունակություն է հայտնել, որ կառուցողական երկխոսության արդյունքում հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրությունը կլինի համատեղ՝ Կառավարության, ԱԺ մեծամասնության և ընդդիմության մասնակցությամբ։

Մխիթար Հայրապետյանը նաև մանրամասնել է, որ նոր փոփոխություններով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համար սահմանվել է պարտականություն՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի դիմումի հիման վրա աջակցել վերջինիս տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում։

Ամփոփելով խոսքը՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կձևավորվեն կայուն հիմքեր երկրի թվային տնտեսության զարգացման համար։

Որակյալ և անվտանգ տվյալների օգտագործումը կդառնա կարևոր խթան՝ անձի, պետության և բիզնեսի տեղեկացված ու տվյալահեն որոշումների կայացման գործում, իսկ հասարակության վստահությունը թվային համակարգերի և լուծումների նկատմամբ էապես կբարձրանա՝ էլեկտրոնային ծառայությունները դարձնելով ավելի մատչելի, հարմարավետ և լայնորեն կիրառելի։

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը։ Նա ընդգծել է ներկայացված փաթեթի կարևորությունը՝ նշելով, որ մի շարք քննարկումների արդյունքում կարևոր լրամշակումներ են կատարվել։ Մինասյանը նաև մի քանի հարցեր է հնչեցրել, որոնք վերաբերել են Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ստեղծման և օրենքների փաթեթի կիրարկման  ժամկետներին, կիբեռպաշտպանվածության ստանդարտներին։

Եզրափակիչ ելույթում՝ արձագանքելով պատգամավորի հարցադրումներին, Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանում արդեն գործում է AM-CERT-ը՝ Հայաստանի միջադեպերի արձագանքման ազգային թիմը, որի հիմնական առաքելությունն է արձագանքել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վրա կատարված կիբեռմիջադեպերին, համակարգել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նախարար Հայրապետյանը հավելել է, որ Տեղեկատվական համակարգերի կարգավորման նոր մարմնի ձևավորման մեկնարկը նախատեսվում է տալ օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց 2–3 ամսվա ընթացքում։

Նմանատիպ գրառումներ