ԲՏԱ նախարարի տեղակալը մասնակցել է EU4Innovation East ծրագրի NCC տարեկան հանդիպմանը
- Հրապարակվել է՝ 05/12/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Դեկտեմբերի 4-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն Ինժեներական քաղաքում մասնակցել է Եվրամիության EU4Innovation East ծրագրի շրջանակներում կազմակերպված Ազգային Խորհրդատվական Կոմիտեի (NCC) տարեկան հանդիպմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրային հարցերի պատասխանատու Դավիթ Դիլանյանը, EU4Innovation East նախագծի տնօրեն Ժյուլիեն Շմիդտը, ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ոլորտի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Ռուբեն Սիմոնյանը շեշտել է միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը և Եվրամիության EU4Innovation East ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։
Սիմոնյանի խոսքով` նորարարությունը պետք է ձևավորվի գործընկերության, ամուր համագործակցության և փոխադարձ վստահության հիման վրա։
«Եվրամիությունն օրակարգային կարևոր գործընկեր է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար` թվայնացման, կարողությունների զարգացման, նորարարական լուծումների ստեղծման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և ստարտափ էկոհամակարգերի ձևավորման ոլորտներում»- ասել է նա:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն հնարավորություն է տալիս երկրի տեխնոլոգիական էկոհամակարգը դարձնել ավելի ուժեղ և մրցունակ: Ռուբեն Սիմոնյանը կարևորել է նաև համատեղ ծրագրերը, հատկապես գիտահետազոտական և փորձարարական զարգացման (R&D) ոլորտում, որոնք կարող են նոր R&D կենտրոններ բերել Հայաստան և նպաստել երկրի տեխնոլոգիական ներուժի աճին։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները կատարված աշխատանքների վերաբերյալ և առաջարկները՝ ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Անդրադարձ է կատարվել նաև EU4Innovation East ծրագրի շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:




