Մխիթար Հայրապետյանը պատասխանել է պատգամավորի հարցադրմանը՝ ռուսական ալիքներով հնչած վիրավորական արտահայտությունների մասին
Փետրվարի 28-ին Ազգային Ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական համաձայնագիր է կնքվել զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին, որտեղ ֆիքսված է, որ պետք է բացառվի պետությունների, ժողովուրդների, ազգային արժեքների նկատմամբ վիրավորական տեքստերն ու հայտարարությունները, սակայն, վերջին շրջանում ռուսական պետական հեռուստաալիքների կողմից հաճախակի են վիրավորական արտահայտությունները։ Պատգամավորը հարցրել է, թե դրանք ի՞նչ իրավական հետևանքներ են ունենալու և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:
Հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ասել է.
«Դուք նկատի ունեք օրեր առաջ՝ փետրվարի 25-ին, հայտնի հաղորդման ժամանակ հնչած գնահատականները: Նախկինում առիթ եղել է, որ Ազգային Ժողովում էլ հարց հնչի այս թեմայի հետ կապված։ Երևանում անցկացվել են կոնսուլտացիաներ, արձանագրված խախտումները փոխանցվել են ռուս գործընկերներին, բայց միայն այն, որ 2 ամիս անց այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն ունի։ Մենք փետրվարի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացել ենք գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները:
Փետրվարի 27-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացվել են խորհրդակցություններ, որոնց արդյունքում արձանագրվել է, որ իրապես այդ խախտումները տեղի են ունեցել, մասնավորապես՝ 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ խախտվել են։ Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին, բայց հասկանալով, որ բավականին զգայուն է հարցը, և մենք պետք է զերծ մնանք և առիթ չտանք, որպեսզի տարատեսակ խմբերի կողմից հարցը քաղաքականացվի, որովհետև այստեղ անիմաստ է փնտրել քաղաքական տողատակեր կամ ենթատեքստեր, ես իմ կողմից նամակ եմ ուղարկել իմ ռուս գործընկերոջը՝ Կապի և թվային զարգացման նախարարին, առաջարկելով անհապաղ կոնսուլտացիաներ անցկացնել։ Կլինի դա Երևանում, թե Մոսկվայում, մենք պատրաստ ենք մասնակցել բովանդակային այդ քննարկմանը, ներկայացնել այդ խախտումները և արձանագրել հետևյալը, որ եթե մենք դուրս ենք գալիս այն կանխավարկածից, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ են այդ համաձայնագրին, բայց խախտումները շարունակվում են, ապա լեգիտիմ հարց է առաջանում անդրադառնալու այդ փաստաթղթի դրույթներին. արդյո՞ք այդ փաստաթղթում արձանագրված սկզբունքները և դրանց պահպանումը վերախմբագրելու կամ լրամշակելու անհրաժեշտություն չունեն։ Մեր դիրքորոշումը հստակ է, որ ունե՛ն, որովհետև մենք իսկապես հավատում ենք, որ կողմերը պետք է շահագրգռված լինեն, որպեսզի պահպանվեն այդ սկզբունքները։ Բայց փաստորեն, փաստաթուղթը թույլ չի տալիս, որպեսզի մենք զերծ մնանք նմանօրինակ անընդունելի հաղորդումների լուսաբանումից և եթերով հեռարձակումից։
Մեր դիրքորոշումը հստակ է, մի կողմից մենք հասկանում ենք, որ հարցն ունի նաև զգայուն կողմեր. մենք պետք է մասնագիտական դաշտում կոնսուլտացիաներ անենք և կառուցողական մթնոլորտում աշխատենք մեր գործընկերների հետ։ Բայց մյուս կողմից՝ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հանդուրժել այնպիսի բովանդակություն ունեցող հաղորդումներ, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր պետության և ժողովրդի արժանապատվությունը»: