ԲՏԱ նախարարի տեղակալն հանդիպել է Oracle ընկերության ներկայացուցիչներին
- Հրապարակվել է՝ 18/11/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Նոյեմբերի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Oracle ընկերության Բալթյան, Ադրիատիկ և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնօրեն Բոյան Սադիկովիչի գլխավորած պատվիրակությանը։
Իր խոսքում նախարարի տեղակալը ներկայացրել է նախարարության ռազմավարական ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամրապնդմանը, նորարարական լուծումների զարգացմանը և Հայաստանի դիրքի ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։
Ռուբեն Սիմոնյանը նաև ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, մարդկային ռեսուրսների բարձր որակը և ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, ինչպես նաև իրականացված նախագծերը, որոնք զգալի ազդեցություն են ունեցել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վրա։
Բոյան Սադիկովիչն իր հերթին ներկայացրել է Oracle-ի գործունեության հիմնական ուղղությունները և ընկերության ներուժը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության հետագա գործունեությանը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Երկուստեք ընդգծվել է գործընկերային հարաբերությունների ամրապնդման և նոր նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շուրջ քննարկումները շարունակելու ուղղությամբ։



