ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է Ֆրանսիայի առաջատար ինովացիոն կենտրոն
- Հրապարակվել է՝ 17/11/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Գրենոբլ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի մասնակցությամբ հանդիպում է ունեցել Վալանսի քաղաքապետ, Օվերն–Ռոն–Ալպեր մարզի փոխնախագահ Նիկոլաս Դարագոնի հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավոր ուղիները, ինչպես նաև փորձի փոխանակման հնարավորությունները:
Նախարարի տեղակալը մասնակցել է Ֆրանսիայի Վալանս քաղաքում անցկացված մի շարք տեխնոլոգիական միջոցառումների և հանդիպումների։
Esisar ինժեներային դպրոցում կայացած CSAW կիբեռանվտանգության միջոցառմանը Ռուբեն Սիմոնյանը կարևորել է կիբեռանվտանգության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև նոր գործընկերությունների ձևավորման նշանակությունը՝ ընդգծելով նման հարթակների կարևոր դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։
Հաջորդիվ հայկական պատվիրակությունն այցելել է տարածաշրջանի առաջատար ինովացիոն կենտրոններից մեկը՝ Valence Romans Innov։ Կենտրոնի տնօրեն Դավիդ Ելին ներկայացրել է կառույցի գործունեությունը, էկոհամակարգը և նորարարական ծրագրերը՝ անդրադառնալով հայկական տեխնոլոգիական ոլորտի աճին և համագործակցության հնարավորություններին։
Քննարկումների ընթացքում կողմերն ընդգծել են, որ հայկական և ֆրանսիական տեխնոլոգիական թիմերի միջև կապերի զարգացումը կարող է բացել նոր համագործակցության հնարավորություններ։
Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի դինամիկ զարգացումը ստեղծում է ամուր հիմք՝ երկարաժամկետ և գործնական ծրագրերի իրականացման համար։
Ամփոփելով հանդիպումը` կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ:



