Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկնարկել է JAPAN IT WEEK 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ 2026 թվականի ապրիլի 8-10-ը Ճապոնիայի Տոկիո քաղաքում կայանալիք «Ճապոնիայի ՏՏ Շաբաթ 2026» (JAPAN IT WEEK 2026) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը բաց է։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) Հայաստանի Հանրապետությունում համատեղ իրականացնում են «Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում բիզնես համագործակցության ամրապնդման ծրագիրը»:

ԲՏԱ նախարարությունը և JICA-ն ծրագրի շրջանակներում ցուցահանդեսին կմասնակցեն «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների լուծումները, նորարարական մշակույթը և ոլորտային վերջին զարգացումները։ Սա մեծ հնարավորություն է՝ սեփական արտադրանքն ու տեխնոլոգիաները միջազգային հեղինակավոր հարթակում ներկայացնելու, միջազգային համագործակցությունն ընդլայնելու և նոր գործընկերներ ձեռք բերելու տեսանկյունից։

Հայտն անհրաժեշտ է ներկայացնել մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ հետևյալ հղումով՝ https://hightech.gov.am/hy/japan-it-week-2026։

Նախարարությունը և JICA-ն հոգալու են ցուցահանդեսային տարածքի վարձակալության, տաղավարի կառուցապատման, ցուցահանդեսի մուտքի և թարգմանչական ծառայությունների ապահովման ծախսերը: Ավիատոմսի և կեցության հետ կապված ծախսերը հոգալու են ընտրված կազմակերպությունները:

Նշենք, որ ցուցահանդեսը համարվում է Ասիայի ամենամեծ և ազդեցիկ տեխնոլոգիական ցուցահանդեսներից մեկը, որը ներկայացնում է նորագույն տեխնոլոգիական վերջին լուծումներ և միտումներ՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, մետատվյալների կառավարումը, հեռահաղորդակցությունը, կայուն և «կանաչ» տեխնոլոգիաները, ֆինանսական և բիզնես ավտոմատացման համակարգերը։

 Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:

Հարցերի դեպքում զանգահարել՝ 010-590-103:

Նմանատիպ գրառումներ