ԲՏԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Հանրային ծառայությունների մատուցման թվային գործիքներ» թեմայով միջոցառմանը
- Հրապարակվել է՝ 17/11/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Նոյեմբերի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Հանրային ծառայությունների մատուցման թվային գործիքներ» թեմայով միջոցառումը, որի նպատակն էր ներկայացնել հանրային կառավարման ոլորտում իրականացվող թվային նախաձեռնությունները և խթանել ոլորտային համագործակցությունը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է միջոցառման կարևորությունը քաղաքացիակենտրոն ծառայությունների ձևավորման և մատուցման գործընթացում։ Նրա խոսքով՝ նման ձևաչափի քննարկումները հնարավորություն են տալիս մեծացնել նորարարական մոտեցումների կիրառումը, ապահովել արդյունավետ փոխգործակցություն պետական մարմինների, մասնագետների և շահագրգիռ կողմերի միջև։
Իր խոսքում Ռուբեն Սիմոնյանը նաև նշել է, որ պետության և համապատասխան կառույցների աշխատանքը պետք է ուղղված լինի հասարակության շրջանում վստահության բարձրացմանը՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ քաղաքացիները ոչ միայն կօգտվեն թվայնացված լուծումներից, այլև կհավատան դրանց արդյունավետությանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են թվային կառավարման հիմնական բաղադրիչները, որոնք ձևավորում են Հայաստանի թվային անցման հիմքը։ Անդրադարձ է կատարվել «Տվյալների Կատալոգ» համակարգի ստեղծման գործընթացին՝ որպես պետական մարմինների կողմից ստեղծվող տվյալների միասնական և համակարգված կառավարման կարևոր գործիք։ Համակարգը միտված է ապահովելու տվյալների անվտանգ, ամբողջական և արդյունավետ օգտագործումը հանրային կառավարմանը սպասարկող հարթակներում։
Առանձին ուշադրություն է դարձվել նաև պետական մարմինների միջև տվյալների անվտանգ փոխանակման համար կիրառվող X-Road տեխնոլոգիայի ներդրմանը։ Քննարկվել են համակարգի անվտանգությունն ապահովող մեխանիզմները, տվյալների փոխանակման ընթացակարգերը և այն նոր հնարավորությունները, որոնք թույլ են տալիս ձևավորել փոխկապակցված, հուսալի և ճկուն թվային միջավայր։
Միջոցառման կարևոր ուղղություններից մեկը եղել է նաև Low-Code / No-Code (LCNC) լուծումների ներկայացումը, որոնք հնարավորություն են տալիս արագորեն մշակել և գործարկել հանրային ծառայությունների թվային գործիքներ՝ նվազեցնելով տեխնիկական ռեսուրսների պահանջը և կրճատելով մշակման ժամկետները։