ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը
- Հրապարակվել է՝ 20/11/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Նոյեմբերի 20-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Էլեկտրոնային առևտրի օրենսդրության մոտարկում» թեմայով աշխատաժողովը։
Իր խոսքում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը (ԵՄ)՝ վերջինիս ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մշտադիտարկմանը, իրականացմանն ու հաղորդակցությանը» ծրագրի շրջանակում աշխատաժողովը կազմակերպելու համար։ Նա ընդգծել է, որ էլեկտրոնային առևտրի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ տնտեսական ներուժի ընդլայնման, մրցունակության բարձրացման և թվային շուկաներին լիարժեք ինտեգրվելու տեսանկյունից։
«Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը չի սահմանափակվում միայն էլեկտրոնային առևտրի կարգավորմամբ, այն ներառում է նաև թվային տնտեսության, նորարարական ենթակառուցվածքների, գիտահետազոտական ծրագրերի, ինչպես նաև կրթության և մարդկային կապիտալի զարգացման լայն ոլորտներ»,– նշել է Ռուբեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այս նախաձեռնությունները նպաստում են Հայաստանում մրցունակ թվային էկոհամակարգի ձևավորմանը, խթանում են ՓՄՁ-ների նորարարական կարողությունների աճը, ամրապնդում են գիտության և արդյունաբերության համագործակցությունը և արագացնում Հայաստանի ինտեգրումը համաեվրոպական թվային ու նորարարական շուկաներ։
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են «Էլեկտրոնային առևտրի մասին» օրենքի նախագծի հիմնական նպատակներն ու դրույթները։ Քննարկումների ընթացքում պարզաբանվել են նախագծի կիրառելիությանը, հնարավոր մարտահրավերներին ու ոլորտային առանձնահատկություններին վերաբերող մի շարք հարցեր։



