Կայացել է ՏՀՏ առաջնորդների հանդիպում–ֆորումը
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ հունվարի 13-ին տեղի է ունեցել ՏՀՏ առաջնորդների հանդիպում–ֆորումը՝ «Խթանել երկխոսությունը» խորագրով:
Ֆորումին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Նա կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք հարթակ են հանդիսանում ոլորտի ընկերությունների հետ երկխոսություն ձևավորելու և համատեղ ոլորտի առջև ծառացած խնդիրները քննարկելու համար:
«Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված ներկա և նախատեսվող պետական ծրագրեր» թեմայով նիստի շրջանակներում Դավիթ Սահակյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը՝ հարկային արտոնությունների, դրամաշնորհների տեսքով, խոսել Ազգային վենչուրային ֆոնդի մասին, պատասխանել ընկերությունների ներկայացուցիչների հարցերին:
Նախարարի տեղակալը մասնակիցներին տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է վերակազմավորել նախարարին կից հանրային խորհուրդը, ինչպես նաև ստեղծել նախարարի տեղակալներին կից աշխատանքային խմբեր՝ ըստ ոլորտային ուղղությունների, ինչը ևս կնպաստի ոլորտի ներկայացուցիչների միջև արդյունավետ երկխոսության ձևավորմանը:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) Ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացման և տեխնոլոգիական ձեռնարկությունների ծրագրերի խորհրդատու Մարիամ Բաբայանը ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են հայկական արտադրանքը միջազգային շուկաներ դուրս բերելուն, ինչպես նաև միջազգային փորձագիտական հմտությունների և գիտելիքների պակասը լրացնելուն:
«Պետական ծառայությունների թվայնացման 2023թ. ծրագրերի ներկայացում և քննարկում» թեմայով նիստի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը խոսել է Հայաստանի թվային օրակարգի, թվայնացման ռազմավարության և թվային կառավարման կարևորության մասին, ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Ֆորումի ընթացքում քննարկվել են նաև մաքսային ընթացակարգերին, պետական գնումների համակարգերին առնչվող մի շարք հարցեր:
Ֆորումին մասնակցել են պետական գերատեսչությունների, տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կառույցների, համալսարանների և բիզնեսի ներկայացուցիչներ։