Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել ԲՏԱՆ ներկայացրած օրենքների լրամշակված նախագծերի փաթեթին

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 21-ի նիստում  քննարկվել և դրական եզրակացության է արժանացել ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների լրամշակված նախագծերի փաթեթը։

Ներկայացնելով կատարված փոփոխությունները՝ նախարար Մխիթար Հայրապետյանն  ընդգծել է, որ նախագծերի փաթեթում որոշակի փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության և ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից  ներկայացված առաջարկությունների հիման վրա:

Անդրադառնալով հիմնական փոփոխություններին՝ նախարարը հայտնել է, որ վերանայվել է նոր ստեղծվող ինքնավար մարմնի՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը։ Եթե առաջին ընթերցմամբ բոլոր թեկնածուներին առաջադրում էր Կառավարությունը, այժմ առաջարկվում է, որ թափուր պաշտոնների համար թեկնածու առաջադրեն հերթաբար՝ Կառավարությունը, ԱԺ կառավարող խմբակցությունը և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունը։ Այս փոփոխության արդյունքում հանձնաժողովի անդամների թիվը 5-ից առաջարկվում է դարձնել 6։

«Այս մոտեցումը հնարավորություն է ստեղծում, որպեսզի ԱԺ կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները նույնպես ունենան մեկական թեկնածու առաջադրելու իրավունք։ Հանձնաժողովի առաջին կազմի դեպքում ԱԺ կառավարող և ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրվող թեկնածուները կպաշտոնավարեն երկու տարի, իսկ Կառավարության կողմից առաջադրվողները՝ 1, 3, 4 և 5 տարի ժամկետով՝ բացառելով հանձնաժողովի բոլոր անդամների պաշտոնավարման ժամկետների միաժամանակ ավարտը։ Հանձնաժողովի նախագահի համար կառաջարկվի  հինգ տարվա պաշտոնավարման ժամկետ»,-պարզաբանել է նախարարը։  

Բացի այդ, հանձնաժողովի անդամի թեկնածուի համար առաջարկվում է սահմանել  նոր պահանջ, ըստ որի հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը վերջին հինգ տարիների ընթացքում ունեցել է հանձնաժողովի գործունեության ոլորտներում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն։ 

Վերանայվել է նաև տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների պաշտոնների համակարգը։ Առաջարկվում է սահմանել երեք պաշտոնային խումբ՝ յուրաքանչյուրը երեք ենթախմբով, իսկ հանձնաժողովը կհաստատի տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնների անվանումները, խմբերը և ենթախմբերը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության կազմակերպման վերաբերյալ մի շարք կարգավորումներ ենթարկվել են խմբագրման՝ գործընթացները առավել հստակ ու արդյունավետ կազմակերպելու նպատակով։

«Նախագծերի փաթեթը լրացվել է նոր «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով, որը սահմանում է, որ օպերատիվ-հետախուզական մարմինները պարտավոր են աջակցել Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովին՝ համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման կամ բացահայտման ուղղությամբ։»,- ամփոփելով նշել է նախարար Հայրապետյանը:

Նախագծերի փաթեթի շուրջ նախարար Հայրապետյանին հարցեր է ուղղել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ առարկություններ ներկայացնելով  հանձնաժողովի թափուր պաշտոնների առաջդրման, պաշտպանության, ազգային անվտանգության, արտաքին հարաբերությունների ոլորտներում օրենքի դրույթների տարածման սահմանափակումների շուրջ։ 

Պարզաբանելով՝ նախարար Հայարապետյանը մեջբերումներ է կատարել օրենքների փաթեթի նախագծից՝ առավել հստակվեցնելով ներկայացված փոփոխությունները։

Պատգամավոր Մինասյանը առաջարկել է հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 7 կամ վերադարձնել 5-ին՝ չհամաձայնելով 6 անդամ ունենալու առաջարկի հետ։ Քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ որոշվել է պահպանել հանձնաժողովի 5 անդամից բաղկացած կազմը։  Ըստ այդմ՝  հանձնաժողովի առաջին կազմի  կազմավորման շրջափուլում հանձնաժողովի նախագահը կպաշտոնավարի 5 տարի,  Կառավարության կողմից առաջադրված մյուս երկու անդամները 4 և 3, իսկ իշխող և ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված անդամները 2 տարի ժամկետով։

Համատեղ քննարկման արդյունքում ընդունվել է պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկը և նախարար Հայրապետյանը համաձայնել է նախագծերի փաթեթում կատարել փոփոխություն՝ հանձնաժողովի անդամների թիվը 6-ից դարձնելով 5:

Հարակից զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ընդգծելով, որ Կառավարությունը ներկայացրել է հիմնավորված և բովանդակային նախագիծ, որը հնարավորություն է տալիս ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանն ունենալ գործընկերային մասնակցություն հանձնաժողովի ձևավորման գործընթացում։

Քվեարկությամբ հանձնաժողովն հավանություն է տվել վերոնշյալ առաջարկի ընդունմամբ պայմանավորված օրենքների նախագծերի լրամշակված փաթեթին:

Հաջորդիվ օրենքների լրամշակված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։

Նմանատիպ գրառումներ