Փարիզում մեկնարկել է «Viva Technology 2025» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը. հայկական տաղավար է այցելել ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը
- Հրապարակվել է՝ 13/06/2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն չորրորդ անգամ հայկական միասնական տաղավարով Փարիզում մասնակցում է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ «Viva Technolօgy 2025» 9-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին։
Կարևորելով հայրենական տեխնոլոգիական կազմակերպությունների մասնակցությունը միջազգային նման իրադարձություններին՝ նախարարությունն այս տարի ևս հնարավորություն է ընձեռել ոլորտային ընկերություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները:
Նախարարության աջակցությամբ՝ «Viva Technolօgy 2025»-ին Հայաստանի տեխնոլոգիական ձեռքբերումներն են ներկայացնում ոլորտային 15 կազմակերպություններ, որոնցից 6-ը՝ որպես ցուցադրող, 9-ը՝ այցելու։ Հայկական տաղավարի ներքո միջոցառմանը մասնակցում է նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը։
Ցուցահանդեսի շրջանակներում՝ հայկական տաղավար է այցելել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Նախարարի առաջին տեղակալը զրուցել է մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց գործունեությանն ու հեռանկարային ծրագրերին, որից հետո շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով։
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է խթանել համագործակցությունը և ցուցադրել առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ: Միջոցառումը համախմբում է տեխնոլոգիական ոլորտի բոլոր հիմնական դերակատարներին՝ ստարտափներից մինչև խոշոր կազմակերպություններ, ներդրողներ և նորարարներ:
«Viva Technolօgy» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը 2016 թվականից Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից է: «Publicis Groupe»-ի և «Les Echos Group»-ի համատեղ ստեղծած այս միջոցառումը հյուրընկալվում է «Porte de Versailles» ցուցահանդեսային կենտրոնում և այս տարի անցկացվում է հունիսի 11-14-ը: