Կայացավ «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագրի վերաբերյալ ասուլիսը․ ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մայիս 30-ը

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում մարտի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԲՏԱ նախարարության «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագրին նվիրված մամուլի ասուլիսը, որին մասնակցել են ԲՏԱՆ ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի նախորդ տարիների ժյուրիի անդամ, մենթոր Ռեմ Դարբինյանը և 2024 թ. ծրագրի հաղթողներից, «Մոբի Սի» ընկերության հիմնադիր Նարեկ Մանուկյանը:
Հայկ Ենգիբարյանն, իր խոսքում մասնավորապես նշել է, որ ծրագիրն արդեն 6-րդ անգամն է իրականացվում, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:
«Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից ստարտափ թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու 6-օրյա միջոցառումներին, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և անհատական մենթորության հնարավորություններ»,- նշել է Ենգիբարյանը:
Ծրագրերի վարչության պետը հանգամանալից ներկայացրել է նաև ծրագրին դիմելու պայմանները, նշելով, որ ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող՝
- այն սփյուռքահայերը, որոնք առնվազն հինգ տարի և ավել բնակվում են սփյուռքում և ունեն բնակության երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ,
- այն թիմերը, որոնց անդամների առնվազն կեսը սփյուռքահայեր են, ովքեր անընդմեջ առնվազն հինգ տարի և ավել ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ,
- այն հայրենադարձները, որոնք հինգ տարի և ավել ապրել են սփյուռքում և հայրենադարձվել են վերջին վեց ամիսների ընթացքում:
Ռեմ Դարբինյանը, խոսելով ծրագրի առավելությունների մասին, կոչ է արել չսպասել՝ նոր գաղափար կամ միտք ունենալու դեպքում դիմել և մասնակցել ծրագրին, ինչպես նաև տարածել այն ընկերների և ծանոթների շրջանում` կարևորելով տեղեկատվական արշավների միջոցով ծրագրի իրականացման մասին տեղեկատվության հասանելիության ապահովումը Սփյուռքի բոլոր համայնքներում:
Նարեկ Մանուկյանն էլ իր հերթին անդրադառնալով ծրագրի իրականացման կարևորությանը՝ ընդգծել է, որ ծրագրի շրջանակում ստացած հատկապես ֆինանսական աջակցությունը մեծ հնարավորություն է տվել իրենց՝ մի շարք ոլորտներում արհեստական բանականության ներդրման ծրագիրն առաջ տանելու և զարգացնելու հարցում:
«Ներուժ 6․0» ծրագրի շրջանակում Հայաստանում կկազմակերպվեն նաև ինտենսիվ աքսելերացիոն ծրագիր միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից, ինչպես նաև այլ միջոցառումներ, որոնք նախատեսված են ստարտափների ձեռնարկատիրական հմտությունները բարելավելու և հաջողության հասնելու անհրաժեշտ գործիքներով զինելու համար:
Միջոցառումները ներառում են սեմինարներ, պատկերավոր ներկայացման նիստեր (pitch sessions), ցանցային հնարավորություններ (networking opportunities), որոնք ուղղված են ստարտափների զարգացմանը:
6-օրյա միջոցառումներից հետո միջազգային աքսելերատորը ևս մեկ ամիս կշարունակի աջակցել և սերտորեն համագործակցել հաղթող ստարտափների հետ։ Այդ ընթացքում ստարտափները կստանան համապատասխան մենթորություն, ռազմավարական խորհրդատվություն և մուտք դեպի ներդրողների և ոլորտի փորձագետների ցանց:
Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով. Գաղափարի փուլ՝ 1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ:
Աճի փուլ անվանակարգով՝ 1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ:
Հայաստանում կայանալիք միջոցառումներին յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի մինչև 2 մասնակից: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է թիմի 2 անդամների ճանապարհածախսը և կեցության ծախսերը:
«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 23-28-ը:
«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրին հնարավոր է դիմել այստեղ: