Տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների համար իրականացվել է հանդիպում-քննարկում արբիտրաժի միջոցով ոլորտային վեճերը հնարավորինս արագ և արդարացի լուծելու վերաբերյալ
- Հրապարակվել է՝ 28/03/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Նորություն
- Պաշտոնական

ՀՀ ԲՏԱ նախարարությունում մարտի 28-ին տեղի է ունեցել նախարարության և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի՝ (AMCA) բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների և մասնագետների համար համատեղ կազմակերպած հանդիպում-քննարկումը, որի ընթացքում քննարկվել են ԲՏ ոլորտում արբիտրաժի և հաշտարարության կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև կենտրոնում այս ոլորտի վեճերի քննության կարգը։ Քննարկումը թույլ տվեց հստակ պատկերացում ստանալ, թե տեխնոլոգիական կազմակերպությունները ինչպես կարող են օգտվել արբիտրաժից՝ իրենց վեճերը հնարավորինս արագ, արդյունավետ և արդարացի լուծելու համար։
ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման հանդիպման անցկացումը, ընդգծելով, որ այն հնարավորություն կտա ոլորտի ընկերություններին ավելի լավ ծանոթանալու «AMCA»-ի գործունեությանն ու ծրագրերին, վեճերի լուծման առավել արդյունավետ գործիքներին և ընթացակարգերին:
Քննարկմանը մասնակցել և «Արբիտրաժի և հաշտարարության կիրառումը ՏՏ ոլորտում» թեմայով բանախոսել են Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, կենտրոնի իրավաբան Նորայր Բաղդասարյանը և Հայաստանի արբիտրների ասոցիացիայի նախագահ Արամ Խաչատրյանը:
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը հիմնադրվել է 2023թ․-ին ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայ իրավաբանական միության և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, և նպատակ է հետապնդում արբիտրաժի և հաշտարարության միջոցով լուծել քաղաքացիաիրավական վեճերը։ Արբիտրաժային և հաշտարարության ճկուն կանոնների, միջազգային չափանիշներին համապատասխան գործերի վարման, էլեկտրոնային կառավարման համակարգի կիրառման միջոցով Կենտրոնը երաշխավորում է վեճերի արագ, արդյունավետ և արդարացի քննություն: