Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
- Հրապարակվել է՝ 22/11/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ նոյեմբերի 2-ին այցելել է «Գուրուս» ընկերություն, որը մատուցում է բիոմետրիկ ծառայություններ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական և պայմանագրային հետազոտական ընկերություններին (CRO): Ծառայությունները ներառում են վիճակագրական ծրագրավորում՝ SAS և R լեզուներով (Statistical Programming), կլինիկական տվյալների մշակում (Clinical Data Management), կենսավիճակագրություն (Biostatistics) և ավելին: Ընկերությունն ունի SAS ծրագրավորողների փորձառու և ամենամեծ թիմը տարածաշրջանում։
Ընկերության համահիմնադիր և տնօրեն Վահե Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է աշխատանքային տարածքում, ծանոթացել աշխատակիցներին, ընկերության բազմաշերտ գործունեությանը։ Վահե Մարտիրոսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է՝ սկսել են 2019 թվականից, իսկ 2021-2023 թվականներին՝ ընդլայնելով աշխարհագրությունը, մասնաճյուղեր են բացել Վանաձորում, Իջևանում և Գյումրիում։ Ընկերությունը սերտ համագործակցում է ՀՀ բուհերի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանում ֆրանսիական և այլ համալսարանների հետ:
Նախարարին է ներկայացվել նաև ընկերության կրթական ծրագրերը։ Նշվել է, որ հիմնադրումից ի վեր «Գուրուս»-ը ստեղծել է իր սեփական դասընթացների համակարգը։ Վահե Մարտիրոսյանը ընկերության գլխավոր ձեռքբերումներից է համարում իրենց կողմից ստեղծված և մշակված թրեյնինգների ծրագիրը՝ Gurus Academy-ն, որի շնորհիվ ընկերությունը համալրում է իր աշխատակիցների ցանկը ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում։ Այս համատեքստում նախարարը խոսել է համատեղ աշխատանքներ սկսելու մասին՝ դաշտ ձևավորելու առումով: Անդրադարձ է կատարվել Կառավարության և ԲՏԱՆ կողմից պետական այն ծրագրերին, որոնցում ընդգրկվել և մասնակցություն է ունեցել Գուրուսը։
Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտը կառավարության գերակա ուղղություններից է, որի զարգացումը մեծապես կախված է նաև, թե ինչպես է պետությունը համագործակցում մասնավոր ընկերությունների հետ։ Նախարարը մանրամասներ է ներկայացրել ոլորտի առաջընթացին ուղղված օրենսդրական նախաձեռնություններից, լսել աշխատակիցների կարծիքը առաջարկվող փոփոխությունների մի շարք կետերի վերաբերյալ։
Ընկերության ներկայացուցիչները խոսել են նաև իրենց նոր հավելվածից, որը տվյալների վիճակագրական ավտոմատացված վերլուծության և վիզուալիզացիայի համար է: Հավելվածը հիմնված է SAS, R (Shiny), JavaScript և այլ ծրագրավորման լեզուների վրա: Նախարարության կողմից գործիքի ուսումնասիրման և հնարավոր կիրառման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Քննարկվել են նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։