Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱՆ կարևորում է թվային ոլորտում կայուն և վստահելի միջավայրի ապահովումը․ մեկնարկել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովը

Նոյեմբերի 6-ին մեկնարկել է «Լոկալ մարտահրավերներ՝ գլոբալ լուծուﬓեր» խորագիրը կրող Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովը, որի ընթացքում քննարկվել են թվային ենթակառուցվածքների զարգացումը, ինտերնետի անվտանգությունն ու կարգավորման մեխանիզմները։ 

Համաժողովի շրջանակներում կայացած «Թվային ենթակառուցվածքներ․ ինտերնետի անվտանգություն, վստահություն և կարգավորում» պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետ Արտյոմ Մեսրոպյանը։

Քննարկմանը Մեսրոպյանն անդրադարձել է ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ թվային ոլորտում կայուն, անվտանգ և վստահելի միջավայրի ապահովումը հնարավոր է միայն ինստիտուցիոնալ իրավական մեխանիզմների ներդրման միջոցով:

«Տվյալների պաշտպանությունը, կիբեռանվտանգությունը և տեղեկատվական համակարգերի կայունությունը մեր առաջնահերթություններից են։ Նախարարությունը շարունակաբար աշխատում է այնպիսի իրավական հիմքեր ձևավորելու ուղղությամբ, որոնք կհամապատասխանեն ինչպես միջազգային ստանդարտներին, այնպես էլ Հայաստանի զարգացման ռազմավարական նպատակներին»,- նշել է նա։

Ըստ Մեսրոպյանի՝ թվային ենթակառուցվածքները թվային հասարակության և տնտեսության ձևավորման հիմքն են։ Դրանց կայունությունն ու անվտանգությունը որոշիչ են կիբեռհարձակումների կամ տեխնիկական խափանումների դեպքում ծառայությունների անխափան մատուցման ապահովման տեսանկյունից:

Նրա խոսքով՝  այսօր նախարարության առաջնահերթությունը ոչ միայն նոր տեխնոլոգիաների ներդրումն է, այլև դրանք պաշտպանված, կառավարելի և բոլորին հասանելի դարձնելը:

Քննարկումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Հայաստանում ինտերնետի զարգացման ներուժին, լայնաշերտ ինտերնետի հասանելիության ընդլայնմանը, կիբեռանվտանգությանը, ինչպես նաև թվային ծառայությունների մատուցման ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններին։

Համաժողովի նպատակն է քննարկել ինտերնետ կառավարման ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները, ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակել առաջարկներ՝ Հայաստանում ինտերնետի զարգացումը և կիրառման հնարավորությունները ընդլայնելու համար։

Նմանատիպ գրառումներ