Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Վարչապետը մասնակցել է ԲՏԱ նախարարության կողմից կազմակերպված «Թվային երկխոսություն. Էստոնիա - Հայաստան» աշխատաժողովին

Նոյեմբերի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) կողմից կազմակերպված «Թվային երկխոսություն. Էստոնիա - Հայաստան» աշխատաժողովը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, «e-Estonia Briefing Centre»-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը,  բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, բիզնես ոլորտի և ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ, ոլորտի մասնագետներ։

Ներկաներին ողջունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Հայաստանում թվայնացման ոլորտի զարգացումն առաջնահերթությունների շարքում է, խոսել է Հայաստանում թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին և այդ համատեքստում՝ կարևորել փորձագիտական ներուժի զարգացումը: 

«Մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի Պետրա Հոլմից փորձենք իմանալ՝ ինչպես է աշխատում թվայնացումն Էստոնիայում, որը գիտեք համաշխարհային առաջատար է համարվում թվայնացման ոլորտում և փորձենք օգտակար տեղեկություններ քաղել նրա ներկայացումից»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ այս աշխատաժողովն էականորեն կնպաստի Հայաստանի թվայնացման օրակարգի արդյունավետ իրականացմանը:

Հիմնական ելույթով հանդես է եկել աշխատաժողովի գլխավոր բանախոս, «e-Estonia Briefing Centre»-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը՝ ներկայացնելով Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման ոլորտում միջազգային ճանաչում գտած փորձը։ Նա մանրամասն ներկայացրել է այն մեխանիզմներն ու լուծումները, որոնց շնորհիվ Էստոնիան դարձել է թվային պետության առաջատար օրինակներից մեկը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 27-28-ը Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել էր տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների e-Estonia Briefing կենտրոն, ծանոթացել  կենտրոնի գործունեությանը, Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին, թվայնացման ուղղությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերին:

Նմանատիպ գրառումներ