ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ» խորագրով համաժողովին
- Հրապարակվել է՝ 04/11/2025
 - Թեմաներ
 - Կարևոր
 - Հայտարարություն
 - Նորություն
 - Պաշտոնական
 
       ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Բրյուսելում մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ» խորագրով համաժողովի շրջանակներում կայացած «Նորարարություն և փոխկապակցվածություն. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և Խաղաղության խաչմերուկը» թեմայով պանելային քննարկմանը:
Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող նախաձեռնությունները՝ ուղղված տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում միջազգային համագործակցության օրակարգի ընդլայնմանը, տնտեսական և թվային կապերի խթանմանը, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության ամրապնդմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային համագործակցության և փոխկապակցվածության խորացման հնարավորություններին։ Նախարարի առաջին տեղակալը կարևորել է գործընկեր երկրների հետ շարունակական երկխոսության պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տարածաշրջանի տեխնոլոգիական ներուժի ամբողջական բացահայտմանը։
«Խաղաղության խաչմերուկ» խորագրով համաժողովի նպատակն էր ներդրումների խթանման և տնտեսական առաջարկների ներկայացման համար ստեղծել հարթակ՝ ընդգծելով Հայաստանի տարածքով հարավային ուղու զարգացումը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity») հաղորդակցության ծրագրի շրջանակում:
Նշենք, որ համաժողովը միավորել էր ավելի քան 100 մասնակիցների, այդ թվում` Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ԵՎԶԲ), Համաշխարհային բանկի, ԵՄ անդամ պետությունների և տարածաշրջանային կառավարությունների ներկայացուցիչների։


