Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Մուտք դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթի երկրորդ՝ պատկերավոր ներկայացման փուլը կիրականացվի հեռուստատեսային նոր ձևաչափով՝ «Fast Media»-ի և «Bahamut Foundation»-ի հետ համագործակցությամբ

Հայաստանի բլոկչեյն դեսպանությունում տեղի է ունեցել «Գաղափարից բիզնես» ծրագրի շրջանակում հայտարարված «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթին նվիրված մամուլի ասուլիսը:

Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և «Bahamut Foundation»֊ի անդամ և խորհրդատու Արամ Ջիվանյանը:

Ռուբեն Սիմոնյանը, խոսելով դրամաշնորհային ծրագրի կարևորության մասին, նշել է, որ նախարարությունն ուզում է, որպեսզի մասնակից ընկերությունները հաջողեն, և ընդհանրապես, Հայաստանում ստեղծված պրոդուկտներն իրենց տեղը գտնեն միջազգային շուկաներում, և Հայաստանը ներկայացվի որպես տեխնոլոգիական նորարար երկիր:

Այս ծրագիրն աջակցում է արդեն իսկ նախատիպ ունեցող ընկերություններին վերջնականացնել իրենց նախագիծը, ստեղծել հարաբերություններ միջազգային գործընկերների հետ, դուրս գալ տեղական և միջազգային շուկաներ:

Անդրադառնալով ծրագրում ներմուծված փոփոխություններին, Ռուբեն Սիմոնյանն առանձնացրել է երկուսը. նախնական գնահատման փուլն անցած ընկերությունների համար կկազմակերպվի  աքսելերացիոն ծրագիր, այս համատեքստում նա ընդգծել է ոլորտի ընկերությունների կարողությունների զարգացման կարևորությունը: Աքսելերացիոն ծրագրի շնորհիվ ընկերությունները կզարգացնեն մի շարք հմտություններ, այդ թվում՝  նախագիծը ճիշտ ներկայացնելու, վաճառքը ճիշտ կազմակերպելու և շուկա դուրս գալու, գործակցություն ձևավորելու: Երկրորդ նորությունը կապված է հեռուստատեսային ձևաչափի հետ.  գնահատման առաջնային փուլը հաղթահարած ընկերությունների երկրորդ՝ պատկերավոր ներկայացման փուլն այս տարի կիրականացվի հեռուստատեսային նոր, հետաքրքիր և տարբերվող ձևաչափով, այդ նպատակով նախարարությունն այս տարի համագործակցում է «Fast Media»-ի և «Bahamut Foundation»-ի հետ։

Ամփոփելով խոսքը՝ Ռուբեն Սիմոնյանը նշել է. «Ամենակարևորը ժամանակն է. նախագծին պետք է ընթացք տալ ճիշտ ժամանակին, եթե այսօր քո նախագիծն արդիական է և դու հապաղես, հաջորդ տարի այն արդեն այլևս արդիական չի լինի, մեկ այլ ընկերություն կգրավի քո տարածքը: Հետևաբար, եթե դու ունես նորարարություն, դու պետք է արագ գործես և քո գաղափարը, նախագիծը ճիշտ ժամանակին ներկայացնես շուկայում»:

«Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն, անդրադառնալով հեռուստատեսային ձևաչափին, նշել է, որ նախատեսված է պատրաստել 12 հաղորդում: Մինչ հաղորդումների մեկնարկը մասնակից ընկերությունների հետ լուրջ աշխատանք է տարվելու, որպեսզի կարողանան ճիշտ ներկայանալ և համոզիչ լինել թե՛ գնահատող հանձնաժողովի, թե՛ էկրանից այն կողմ գտնվող հեռուստադիտողի համար: Ընկերությունը հագեցած է տեխնիկական ամբողջ հնարավորություններով՝ նոր ձևաչափով, ինտերակտիվ և հետաքրքիր հաղորդում պատրաստելու և նմանատիպ կարևոր պետական ծրագիրը հանրայնացնելու համար:  

«Bahamut Foundation»֊ի անդամ և խորհրդատու Արամ Ջիվանյանը ներկայացրել է հեռուստատեսային ձևաչափով ներկայացվող գաղափարների գնահատման ընթացքի և հիմնադրամի հետաքրքրվածության մասին, նշել, որ փնտրում են ամենամեծ ներդրումային ներուժ ունեցող ստարտափների, որոնց կառաջարկվի գործակցության այլ ձևաչափ՝ ֆինանսական և բիզնեսի աջակցություն՝ օգտագործելով հիմնադրամի բիզնես կապերն ու հնարավորությունները թե՛ գլոբալ, թե՛ տեղական շուկայում:

Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով։ Ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 290,000,000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ դրամ է, որը կբաշխվի մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:  Դրամաշնորհն օգնելու է ընկերություններին իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու գործում։

Համագործակցության շրջանակում «Bahamut Foundation»֊ի կողմից առաջարկվում է հավելյալ 50,000,000 (հիսուն միլիոն) դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ հաղթող ընկերությունների համար, որը կարող է ավելանալ, կախված նախագծերի ներդրումային հետաքրքրությունից, դրանց ինքնատիպությունից և նորարարական լուծումներից։

Նմանատիպ գրառումներ