Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կայացել է Միջազգային հեռահաղորդակցության միության հետ համատեղ կազմակերպված ազգային կիբեռվարժանքը

Հայաստանում առաջին անգամ Միջազգային հեռահաղորդակցության միության հետ համատեղ անցկացվում է պետական և մասնավոր համակարգերի կրիտիկական ենթակառուցվածքների համար նախատեսված ազգային կիբեռվարժանք։

Կիբեռվարժանքը կազմակերպվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և Միջազգային հեռահաղորդակցության միության (ITU) կողմից՝ ՀՀ Կենտրոնական բանկի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։

Միությունը մասնագիտացված միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում է շուրջ 190 պետություն և ավելի քան 700 միջազգային և տարածաշրջանային կազմակերպություն: Միջոցառմանը մասնակցում է Հայաստանի պետական և մասնավոր համակարգերի կրիտիկական ենթակառուցվածքների ավելի քան 150 ներկայացուցիչ։

Համատեղելով աշխատաժողովի, դասընթացի և կիբեռվարժանքի ձևաչափերը` միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռհմտությունների և կիբեռմիջադեպերին արձագանքման կարողությունների հզորացմանը, ազգային կիբեռանվտանգության ճկունության ամրապնդմանը։

 ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Հայաստանում նման միջոցառման անցկացումը՝ ընդգծելով կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունը։ Նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքի մշակմանը՝ կարևորելով օրենքի նախագծի շուրջ համայնքի կողմից առաջարկությունների ներկայացումը լավարկման համար։

Միջոցառման բացման խոսքում Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն ընդգծել է Միջազգային հեռահաղորդակցության միության հետ համագործակցության կարևորությունը։ Բացի այդ, Ն. Երիցյանը կարևորել է միջոցառման ընթացքում գործնական առաջադրանքների միջոցով մասնակիցների կիբեռկարողությունների գնահատումն ու հզորացումը։

Միության ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի հետ համատեղ իրականացվող նախագծերն ու ծրագրերը։ Վերջինս ընդգծել է թվային կառավարման համատեքստում կիբեռանվտանգության կարևորության վերաբերյալ ընկալման ամրապնդումը։ Միության ներկայացուցիչը կարևորել է Հայաստանում նման միջոցառումների անցկացումը խնդիրների վերհանման և ազգային կարողությունների ամրապնդման համատեքստում։ Նա ներկայացրել է «Կիբեռանվտանգության համաշխարհային ինդեքսի» 2024թ․ ցուցանիշների վերաբերյալ զեկույցը՝ շեշտելով, որ այս միջոցառումն ու օրենսդրության ընդունումը ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման տարրեր են։

Այնուհետև, միջազգային փորձագետների կողմից կազմակերպվել է գործնական վարժություն, ներկայացվել են վնասակար ծրագրերի ռիսկերը, գործնական ուսումնասիրության և փորձաքննության եղանակները։

Միջոցառման երկրորդ օրը միջազգային փորձագետների համակարգմամբ կիբեռանվտանգության մասնագետներն իրականացնելու են գործնական առաջադրանքներ, որոնք միտված են վնասակար ծրագրերի հայտնաբերմանն ու հետազոտմանը, ինչպես նաև՝ կիբեռհանցագործությունների դեպքում արագ և արդյունավետ դիմակայման ապահովման

Նմանատիպ գրառումներ