Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ամփոփվեց ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացված «Հաքաթոն»-ի արդյունքները. հայտնի են հաղթող թիմերի անունները

Ծաղկաձորում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում իրականացված «Հաքաթոն»-ի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ հայտարարվել են 3 հաղթող թիմերի անունները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ողջունելով և շնորհավորելով  մասնակիցներին և ներկաներին, անդրադարձել է ծրագրի առջև դրված նպատակներին և խնդիրներին, ընդգծելով, որ «Հաքաթոն»-ի անցկացման փիլիսոփայության առանցքում տաղանդների բացահայտումն է, նոր մտքերի և գաղափարների գեներացման, ինչպես նաև թիմային աշխատանքի կարևորությունը։

«Այս ծրագիրը գալիս է ապացուցելու, որ Հայաստանը  նաև թիմային աշխատանքներում կարող է արձանագրել լրջագույն հաջողություններ։  Միասնականության ու մեր ջանքերը համատեղելու առումով «Հաքաթոն»-ը դրա վառ ապացույցներից է»,- նշել է նախարարը և հավելել, որ սա  մի մեծ, գեղեցիկ և կարևոր ճանապարհի ընդամենը սկիզբն է:

Մասնակիցներին ողջունել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով նման «Հաքաթոն»-ների անցկացման կարևորությունը՝ նոր ստարտափների ձևավորման և զարգացման գործում, և վստահություն հայտնել, որ այս օրերի ընթացքում գեներացված գաղափարները դառնալու են ստարտափներ, որոնցից մի քանիսը՝ գուցե շատ հաջողված։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Էլբակ Էլբակյանն էլ իր ողջույնի խոսքում  կարևորել է միջոցառման անցկացումը, ընդգծել, որ այն հիանալի հնարավորություն է յուրաքանչյուր մասնակցի համար իր գաղափարներն ու մտքերը, կարողությունները բացահայտելու՝ թիմային աշխատանքի և միմյանց հետ շփումների առումով։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, մի շարք բուհերի և կրթական հաստատությունների ղեկավարներ, պաշտոնատար անձինք, ոլորտի առաջատար մասնագետներ։

Այնուհետև հայտարարվել են երեք հաղթող թիմերի անունները, որոնց գաղափարներն առաջադրված թեմաների շրջանակում  լավագույնն են եղել:

Առաջին մրցանակին (2.5 մլն դրամ) է արժանացել Հայաստանի ամերիկյան  համալսարանից Aneev2 թիմը, որի գաղափարը «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանությունը դեպի տեքստ» թեմայով էր: Երկրորդ մրցանակին (1.5 մլն դրամ)՝  ՀԱՊՀ համալսարանից FBF թիմը՝ ներկայացնելով  «Աջակցող տեխնոլոգիաների ոլորտում Braille Board ստեղտանաշար» թեմայով իր գաղափարը։ Երրորդ հորիզոնականում (1 մլն դրամ) Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Pumpkin Pie թիմն էր՝ «Էռոզիայի նախաախտրոշումը գյուղատնտեսության ոլորտում» թեմայի վերաբերյալ իր գաղափարով։
«Գործնական հմտությունների կատարելագործում» «Հաքաթոն»-ին մասնակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստացել էր 60 հավաքական հայտ՝ 300 մասնակցով, որոնցից ընտրվել է լավագույն 22 խումբը՝ 110 մասնակցով։

Նրանք հայաստանյան հետևյալ 11 բուհերից են՝ Երևանի պետական համալսարան, Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, Գորիսի պետական համալսարան։
Միջոցառման առաջին մասում տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ են առաջադվել թիմերին և նրանք մրցել են դրանց լուծման իրենց տարբերակներով:  

Երկրորդ մասում կազմակերպվել են ֆորումներ, որոնց ընթացքում իրականացվել են քննարկումներ նախարարության, բիզնեսի, ստարտափների, ուսանողների, գիտական և կրթական կազմակերպությունների մասնակցությամբ:
Ֆորումներում մասնակիցները հնարավորություն են ստացել նաև կիսվել իրենց փորձով, ներկայացնել նոր առաջարկներ:

Նմանատիպ գրառումներ