Ինովացիոն ֆորում՝ «Նորարարությունը գործնականում. մարդիկ՝ կենտրոնում» թեմայով
Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել «Նորարարությունը գործնականում. մարդիկ՝ կենտրոնում» հանրային ոլորտի նորարարության ֆորումը, որի նպատակն էր գնահատել հանրային ոլորտում նորարարների ջանքերն ու ձեռքբերումները, քննարկել ոլորտի հիմնախնդիրների լուծման նոր մոտեցումներն ու փոփոխությունները։
Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի Կայուն զարգացման նպատակներ(ԿԶՆ) նորարարական կենտրոնը՝ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ։
Ֆորումի մասնակիցներին ողջունել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԿԶՆ կենտրոնի գործունեությունը, հաջողություն ու նոր ձեռքբերումներ է մաղթել աշխատակիցներին և հույս հայտնել, որ նրանք հետագայում ևս կշարունակեն աշխատել նույնքան ոգևորված և արդյունավետ։ ՀՀ նախագահը հատկապես բարձր է գնահատել կենտրոնի գործունեությունը թվայնացման ոլորտում։
«Այսօր շատ կարևոր են ձեր մոտեցումները պետական մակարդակով պետության թվայնացման աշխատանքներում։ Հույս ունեմ, որ նոր, առանձնահատուկ ուշադրություն կդարձնեք այդ աշխատանքներին։ Եվ չմոռանաք ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունն այդ բնագավառում, քանի որ մեր զարգացման ապագան թվայնացման մեջ է, առանց որի նոր հաջողություններ մենք չենք կարող արձանագրել»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում խոսել է այն մասին, որ այժմյան իրականությունում նորարարությունն անխուսափելի է:
Նախարարն ընդգծել է ԿԶՆ կենտրոնի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը՝ առանձնացնելով հատկապես ներգրավվածությունը՝ Թվայնացման ռազմավարության մշակման գործընթացում:
«Դեռևս 2021թ․ Հայաստանի թվայնացման ռազմավարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հանձնառությունը՝ առաջնորդելու թվային փոխակերպումը պետական կառավարման համակարգում, խթանելու հանրային ու մասնավոր ոլորտների միջև երկխոսության ամրապնդմանը, նպաստելու թվային տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը»,- նշել է Ռոբերտ Խաչատրյանը։ Նախարարը կարևորել է նաև այն, որ
«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված մասնագիտական դասընթացների բովանդակությունը մշակելիս ևս նախարարությունն օգտվել է Կենտրոնի կողմից մշակված արհեստական բանականությամբ աշխատող «Edu2work» առցանց հարթակի արդյունքներից»:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խոսել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրի» մասին, որի առանցքում մարդկային կապիտալի զարգացումն ու իրացումն են՝ գիտելիքի ու ստեղծարարության խթանման միջոցով։
Նախարարի խոսքով՝ այս ուղենշումը պատահական չէ, քանի որ տարիների ընթացքում նախարարության վարած քաղաքականությունը միտված է եղել կրթության միջոցով անհատի կարողության բացահայտմանը և շարունակական զարգացմանը։ Այդ ճանապարհին նորարարությունը բովանդակային առաջընթացի և ապագայի մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն նախապայմաններից է։
Հիմնական զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինը։ Նա ընդգծել է նորարարական քաղաքականության և քաղաքական նորարարության կարևորությունը կառավարությունների համար, անդրադարձել այս երկու դրույթների ինտեգրման հնարավորություններին՝ բարդ համակարգերն արդյունավետ կառավարելու և փոխակերպող ազդեցության հասնելու համար։
«Հանրային ոլորտի նորարարությունը Հայաստանում» թեմայի շուրջ խոսել է ԿԶՆ նորարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը։
Այնուհետև, «Հանրային ոլորտի նորարարության հիմնական միտումներն և մարտահրավերները» թեման ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով կայացել է պանելային քննարկում, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի նորարության և ԿԶՆ ֆինանսների պորտֆելի ղեկավար Տաթևիկ Քոլոյանը։