ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովին
- Հրապարակվել է՝ 18/05/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մայիսի 16-18-ը կայացած
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին:
Մայիսի 17-ին տեղի ունեցած գործարար համաժողովում հայկական պատվիրակությունը «Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը. ներդնելով ի նպաստ խելացի, կանաչ և կայուն ապագայի» խորագրի ներքո, ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչության բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը, գործարար միջավայրը, գիտելիքահեն, ներառական տնտեսության ձևավորման, արտահանման խթանման նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերը:
Հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացին, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական փոխակերպման, բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման նպատակով իրականացվող նախաձեռնությունները, ոլորտի հիմնական առաջնայնություններն ու խնդիրները, Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական առաջատար պետության ձևավորմանն ուղղված քայլերը:
Իր խոսքում Գևորգ Մանթաշյանը մասնավորապես նշել է.
«Արարատ լեռը վիթխարի ազդեցություն ունի մեր երկրում. Նոյի տապանը հանգրվանելով Արարատ լեռան վրա՝ մարդկության համար դարձել է երկրորդ հնարավորության խորհրդանիշ: Եվ այսօր էլ գլոբալ գործընթացների համատեքստում Հայաստանը երկրորդ շանս, հնարավորություն է առաջարկում բազմաթիվ տաղանդաշատ մարդկանց, ընկերություների` տեղափոխելու և զարգացնելու իրենց բիզնեսները Հայաստանում:
ՀՀ կառավարության կողմից սահմանվել են մի շարք արտոնություններ ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում այլ երկրների քաղաքացիների կողմից կազմակերպություններ գրանցելու, տեղափոխելու, և գործունեություն իրականացնելու համար: Ենթակառուցվածքների արագ զարգանալը, միջազգային ֆինանսական գործընկերների տրամադրած աջակցությունը բարենպաստ բիզնես-մթնոլորտ է ստեղծել երկրում:
Պետությունը ոչ միայն սուբսիդավորում, դրամական օգնություն է առաջարկում, բայց նաև աջակցություն է տրամադրում ընկերությունների մրցունակությունը բարձրացնելու և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար»: