Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված օրենքների նախագծերին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում հավանության են արժանացել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Օրինագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ նախագծերի փաթեթը ՀՀ կառավարության կողմից համարվել է անհետաձգելի:

Նախարարը նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմա­նել պետական աջակցության մի շարք ուղղություններ և հարկային որոշ արտոնություններ:

«Մասնավորապես «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին  տրամադրել պետական աջակցություն հետևյալ ուղղություններով՝

1) աշխատանքային միգրանտների ներգրավման համար, որոնք իրականացնում են մասնագիտական աշխատանք և համարվում են տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողները: Ընդ որում՝ պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին կտրամադրվի աշխատանքային միգրանտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով:

2) նոր աշխատողների ներգրավման համար,

  • նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, եթե տնտեսավարող սուբյեկտի բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը, հիմնականում վերաբերում է ստարտափներին։
  • նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 և ավելի է․

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ նոր աշխատողների մասով պետական աջակցությունը տրամադրվում է վարձու աշխա­­­տողի՝ առաջին աշխատանքի անցնելու պահից երեք օրացուցային տարիների համար։

3) Տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական  աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով կատարված կրթական ծախսերի փոխհատուցման նպատակով,

  • տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը: Այս դեպքում՝ մինչև 30 աշխատակից ունեցող փոքր կազմակերպության դեպքում, առաջարկվում է նաև փոխհատուցել կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործուղման ծախսերը, որի հատուցման համար ենթաօրենսդրական իրավական ակտով նախատեսվում է սահմանել վերին շեմ՝ 2 մլն դրամ ոչ ավելի:
  • տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 25 տոկոսի չափով, եթե վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 և ավելի է»,- ներկայացրել նախարարը՝ ընդգծելով, որ միաժամանակ առաջարկվում է, որ վերոնշյալ երեք ուղղություններով սահման­ված՝ հաշվետու ժամանակաշրջանի մասով տրամադրվող աջակցությունների գումարները չեն կարող գերազանցել նույն հաշ­վետու ժամա­նակաշրջանի մասով աշխատողների գծով հաշ­վարկ­ված և վճարված եկա­մտա­հարկի գումարի 50%-ը։

Նշվել է, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակ­ցու­թյան ենթակա գործունեության տեսակ­ները՝ ըստ տնտեսական գործունեության դասա­կար­գիչ­ների, աջակցությունների տրամադրման և այլ անհրաժեշտ կարգերը:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ պետական աջակցության տրամադրումն իրականացվելու է ինքնաշխատ հարթակի միջոցով, որը նախատեսվում է գործարկել մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը: Մինչ հարթակի գործարկումը դիմումների ընդունման գործընթացը կկարգավորվի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

Նախագծերով նախատեսված աջակցությունները տրամադրվելու են հարկման ընդհա­նուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպու­թյուններին և անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2032 թվականի հուն­վարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջա­նա­ռու­թյան հարկի համա­կարգում գոր­­ծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնար­կա­տերը աջակ­ցությունից օգտվելը սկսելու օրա­­ցուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող է շարու­նա­կել օգտվել աջակցությունից, եթե գործում է հարկման ընդհանուր համա­կարգում։

Այնուհետև անդրադարձ է կատարվել նախագծերի փաթեթով նախատեսվող հարկային արտոնություններին, որի առաջին ուղղությամբ առաջարկվում է հետևյալ հարկային արտոնությունները.

  • շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահ­մանելով 2 տոկոս,
  • մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշ­վարկ­ված հարկման բազայի 50 տոկոսը,
  • հարկային տարվա ընթացքում մինչև 30 աշխատողների միջին ցուցա­­­կա­յին թիվ հայ­տա­րա­րագ­րած տնտեսավարող սուբյեկտների ստացած նպա­տա­կային դրամական միջոցների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կանոն­ների վերանայում, այն տրամաբանությամբ, որ այդ դրամական միջոցները եկամուտ ճանաչվեն ոչ թե այն հարկային տարվա ընթացքում, որում ստացվել են, այլ այն հարկային տարվա ընթաց­քում, որում այդ դրամական միջոցները կամ այդ դրա­մա­կան միջոց­­ներով ձեռք բեր­ված, կառուց­ված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչ­վում են որպես ծախս կամ կորուստ:

Երկրորդ ուղղությամբ՝ նախագծով առաջարկվում է սահմանել հետևյալ հարկային արտոնությունները.

  • գիտահետազոտական աշխատանքներում ներ­գրավ­­­ված մասնագիտական անձնա­կազ­­մին վճար­վող աշխա­տա­­­վարձի և դրան հավա­սարեցված եկա­մուտ­ների մասով եկա­մտա­­յին հարկի դրույքաչափի կիսով չափ նվազեցում՝ 20-ից՝ 10 տոկոս,
  • մասնագիտական աշխատանք կատարող անձ­նա­կազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպա­տա­կով համախառն եկամուտը հավելյալ նվա­զեց­նելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշ­վարկ­ված հարկման բազայի 50 տոկոսը,
  • շահութահարկով հարկման նպատակով գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների իրա­կա­նացման համար օգտագործվող հիմ­նա­կան միջոցների ամոր­­տի­զացիոն նվազա­գույն ժամկետի սահ­­մանում շահու­թա­հարկ վճա­րողի հայե­­ցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի,
  • շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը նվա­զեց­վում է գիտական հետազոտություն­ների և փորձարարական մշակումների աշխատանքների շրջա­նակ­­ներում անմի­ջա­կանորեն շահութահարկ վճարողի կողմից կամ նրա պատ­վերով կատարվող ծախսերի չափով` այդ ծախ­սերի կատարման հարկային տարվա ընթացքում ամբողջովին։

 Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ հետազոտության և մշակման աշխատանքների մասով նշյալ արտոնությունները կիրառվելու են ՀՀ կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և Կառավա­­­րու­­թյան ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրա­կան եզրա­­­կացու­թյանն արժա­­­­­­­­­­նացած գիտահետազոտական աշխատանքներ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ:

Հարկային արտոնությունները ևս տրամադրվելու են 7 տարով՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2032 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար։ Ընդ որում, մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորությունը կիրառվելու է նաև 2024 թվականի հաշվետու տարվա մասով։

«Նախագծերի փաթեթի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման, ինչ­պես նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ձևավորել նպաս­տա­վոր պայմաններ: Ակնկալվում է նաև, որ այն խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացման համար»,- եզրափակել է խոսքը Մխիթար Հայրապետյանը:

 Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել  է, որ  ներկայացված օրինագիծը աշխատանքային ձևաչափով քննարկվել է հանձնաժողովում, լսումներ են անցկավել նաև ոլորտի ընկերությունների մասնակցությամբ։  Այնուհետև նախարարին հարցեր են ուղղել պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը, Հովիկ Աղազարյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ։

Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ ներկայացված օրենքների փաթեթով առաջարկվող կարգավորումները բացառապես հիմնված է հետազոտական տվյալների և վերլուծությունների  վրա։  

Անդրադարձ է կատարվել նաև ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի և պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից օրինագծերի վերաբերյալ ներկայացված առաջարկներին։ Քննարկման արդյունքում որոշում է կայացվել, որ առաջարկվող բոլոր փոփոխությունները կուսումնասիրվեն և դրանց վերաբերյալ վերջնական դիրքորոշումը կքննարկվի առաջինից երկրորդ ընթեցման ընթացքում

Նմանատիպ գրառումներ