Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ռոբերտ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի։

Նախարարի առաջին կանգառը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում էր։

Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել տեխնոկենտրոնի ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներով, համակարգչային լսարաններով, ծանոթացել է կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին:

Այցի շրջանակներում՝ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն էլ կենտրոնի սաներին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային և տեխնոլոգիական կրթության ծրագրերը, կոչ արել մասնակցել դրանց, զարգացնել մասնագիտական հմտությունները և հաջողությունների հասնել։

Հաջորդիվ՝ Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Սինոփսիս» ընկերության Գյումրու մասնաճյուղ և ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Digital Pomegranate ընկերություն։

Նախարարին են ներկայացվել ընկերության գործունեության առանձնահատկությունները, ձեռքբերումները, նաև՝ խնդիրները։ Նշվել է, որ կարևորագույն հարցերից մեկը որակյալ մասնագետների պակասն է, նրանց Գյումրիում պահելու, արտահոսքը կանխելու խնդիրը։ Քննարկվել են արդյունավետ լուծման մի շարք տարբերակներ, ինչպես նաև՝ սեփական ուժերով կադրեր պատրաստելու հնարավորությունները։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանի հաջորդ կանգառը Շիրակի պետական համալսարանն էր, որտեղ համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է լսարաններով, ծանոթացել համալսարանի կրթական հնարավորություններին, հանդիպել ուսանողների հետ։

Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են տեխնոլոգիաների ներդրմանն ու զարգացմանը Հայաստանում։ Դրանցից մեկը «Գաղափարից մինչև բիզնես» ծրագիրն է, որը դրամաշնորհներով աջակցում է սկսնակ և կայացած ընկերություններին՝ իրականացնելու իրենց նորարարական գաղափարները։

«Մեր նպատակներից մեկն այն է, որ նման ծրագրերը հասանելի լինեն նաև մարզերում, քանի որ մենք վստահ ենք, որ Երևանից դուրս ևս կան տաղանդավոր ուսանողներ, երիտասարդներ, ովքեր ավելի շատ պետք է ներգրավվեն այդ ծրագրերում՝ հնարավորություն ունենալով իրենց  գաղափարները կյանքի կոչելու և դուրս գալու մեծ շուկաներ»,- ընդգծել է նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Հանդիպման ավարտին՝ «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի վերաբերյալ ուսանողներին մանրամասներ է ներկայացրել նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանը։

Նմանատիպ գրառումներ