Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետ Գրոզդան Կարաջովին. նախանշվել է նոր հեռանկարներ՝ համագործակցության ընդլայնման նպատակով
- Հրապարակվել է՝ 18/07/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորություն
- Պաշտոնական
Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը և նախանշել նոր հեռանկարներ՝ համագործակցության ընդլայնման նպատակով։
Նախարար Հայրապետյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և կառուցողական քննարկումների համար՝ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի շրջանակում կայացած երկխոսության արդյունավետությունը։ Հանդիպմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը՝ անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքային կարևոր այլ նախագծերի։
Քննարկումներին հաջորդել է միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին գործող համաձայնագրում փոփոխության վերաբերյալ արձանագրության ստորագրման արարողությունը: Հայկական կողմից արձանագրությունը ստորագրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, բուլղարական կողմից՝ փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովը։