Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Silicon Mountains 2022 տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովին քննարկվել են խելացի լուծումների կիրառման և տնտեսության թվայնացման հեռանկարները

Դեկտեմբերի 9-ին Մատենադարանում կայացել է Silicon Mountains 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը:

Բացման խոսքով հանդես է եկել ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Նա ներկայացրել է գագաթնաժողովի անցկացման նպատակը, թեմայի կարևորությունը, զարգացման հեռանկարները։

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի իր խոսքում նշել է. «Ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը շարունակում է վստահորեն առաջնորդել տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղը լինելու իր դիրքերը, պահպանել և զարգացնել այն: Սրա մասին է վկայում այն, որ տարածաշրջանային ճգնաժամի պայմաններում տաղանդի ներհոսքը հիմանականում տեղի է ունեցել հենց Հայաստան»:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանի ապագայում գիտատեխնիկական նոր թռիչք ապահովելու համար հարկավոր է գիտություն, կրթություն, արդյունաբերություն և տնտեսություն կապը բերել ֆունդամենտալ նոր մակարդակի վրա, այնպես անել, որ իրենց ծրագրերով դրանք համահունչ լինեն և ծառայեն նույն նպատակներին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ ողջունելով գագաթնաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին նշել է. «Սիլիկոնյան լեռներ» խորագրով տեխնոլոգիական հերթական գագաթնաժողովի թեման նվիրված է խելացի լուծումների ներդրմանն ու կիրառությանը տնտեսության տարբեր ոլորտներում։ Սա այն է, ինչը Հայաստանի կառավարությունը, որպես ապագայի տեսլական, դրել է երկրի տնտեսության զարգացման հիմքում։ Տեխնոլոգիաներն այժմ կյանքի բոլոր ոլորտներում են։ Մեր նախարարության առջև խնդիր է դրված ջանքեր գործադրել՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու, զարգացնելու և առաջ մղելու ուղղությամբ։ Այս նպատակին հասնելու կարևորագույն քայլերից մեկը գիտության զարգացումն է, որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությունը, հասարակության շրջանում գիտելիքի կարևորության ամրապնդումը»։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ընդգծել է, որ 2022թ. Հայաստանի տնտեսությունն ունի ռեկորդային աճ, ինչը շատ ուրախալի է։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին շեշտել է, որ թվային տեխնոլոգիաների հիմնական կրող ու առաջամարտիկը բիզնեսն է։ Նրա խոսքով՝ այսօր պետք է մտածել խելացի համակարգերի ստեղծման, նորարարական լուծումների մասին, որովհետեւ հապաղելու ժամանակ չունենք:

Գագաթնաժողովը բաղկացած է եղել չորս պանելային քննարկումներից՝ Խելացի կառավարում, Խելացի տնտեսություն, Խելացի բանկային համակարգ և Խելացի ենթակառուցվածքներ։

Արդեն չորրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն էր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: Միջոցառման գործընկերներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ էկոնոմիկայի նախարարություները, «Յունիքոմփ» ընկերությունը, «Ամերիաբանկ»-ը, RECONOMY` Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրը, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercorporation-ի կողմից՝ Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում:

Նմանատիպ գրառումներ