Ռուբեն Սիմոնյանը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը
- Հրապարակվել է՝ 04/07/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։
Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների հետ, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, կրթական ծրագրերին, պայմաններին ու հնարավորություններին:
Այնուհետև տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված առաջնահերթություներին, հեռանկարներին, առկա մարտահրավերներին, մի շարք այլ հարցերի։
Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված ՀՀ կառավարության տեսլականը՝ այդ համատեքստում անդրադառնալով նախարարության ստեղծման պատմությանը, գործունեության ուղղություններին, իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին։
Նախարարի տեղակալն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված յոթնամյա ծրագրի կարևորությունը, որով պետական աջակցություններ և հարկային արտոնություններ են տրամադրվում ոլորտային ընկերություններին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող նորարար թիմերին ու անհատներին։ Ռուբեն Սիմոնյանը կարևորել է նաև միջազգային հեղինակավոր աքսելատորի՝ «Plug and Play»-ի հետ երկարաժամկետ համագործակցությունը՝ ուղղված մեր երկրում ստարտափների զարգացմանը, մանրամասնել է «Ինժեներական քաղաք» ծրագրի առանձնահատկություններն ու նպատակները, ընդգծել տվյալների կենտրոնի դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանի համար։
«Սենսյան» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն և գլխավոր խորհրդական Րաֆֆի Քասարջյանն իր հերթին խոսել է Հայաստանի՝ տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին իրականացվող քայլերի, դրանց ուղղված նպատակային գործունեության մասին:
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն էլ իր ելույթում ներկայացրել է ԱՏՁՄ գործունեությունը, անդրադարձել է իրականացվող ծրագրերին, կրթական նախաձեռնություններին։
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, բանախոսները պատասխանել են նաև պատվիրակությանը հետաքրքրող մի շարք հարցերի։