Մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը. նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ողջունել և հաջողություն է մաղթել մասնակիցներին
- Հրապարակվել է՝ 21/07/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

Հուլիսի 20-ին կայացել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի բացման արարողությունը, որն, ի դեպ, այս տարի իրականացվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Միջոցառման բացման ուղերձով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Նախարարի առաջին տեղակալը ողջունել է միջոցառման մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին՝ ընդգծելով նման նախաձեռնությունների յուրահատուկ կարևորությունն ու դրանց ընձեռած հնարավորությունները՝ նորարարական գաղափարների, գիտելիքների փոխանակման և համագործակցության ձևավորման համատեքստում։
Յոթ օր շարունակ՝ հուլիսի 20-26-ն անցկացվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը կհանդիսանա հյուրընկալող պլատֆորմ՝ Greenovate Youth Summit 2025, Impact Innovation Summit 2025, Energy Transition & Entrepreneurship Summit 2025, Winetech Innovation Summit 2025, Sevan Agritech Summit 2025, Fintech Innovation Summit 2025, GovDay 2025 ոլորտային մեծ միջոցառումների համար
Սամմիթի ընթացքում՝ հուլիսի 25-ին, նախատեսվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից անցկացվող «Government Day» խորագրով միջոցառումը, որի նպատակը բարձրաստիճան պետական պաշտոնյաների, միջազգային կառավարական պատվիրակությունների, հայտնի անձանց, ոլորտային փորձագետների, մասնավոր հատվածի առաջնորդների և, իհարկե, մասնակիցների միջև տարբեր ձևաչափերի միջոցով փոխճանաչելիության դաշտի ձևավորումը, կապերի ու գործընկերային հարաբերությունների ստեղծումն է:
Միջոցառման շրջանակում տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարները կներկայացնեն ներդրողներին և մենթորներին` մասնակցելով պանելային քննարկումների, սեմինարների, բանակցությունների, ժամանցային միջոցառումների և ոչ միայն:
Հիշեցնենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը կազմակերպվում է 2016 թվականից: Միջոցառմանն ամեն տարի մասնակցում են հարյուրավոր ստարտափներ, ձեռներեցներ, ներդրողներ, բանախոսներ, մենթորներ աշխարհի տասնյակ երկրներից՝ քննարկելու բիզնես-տեխնոլոգիական գաղափարներ, ներդրումային ծրագրեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: