Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Ներուժ 5.0» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է. մասնակիցների համար սեպտեմբերին սպասվում է կարևոր միջոցառում

Սեպտեմբերի 24-29-ը Դիլիջանում կայանալիք «Ներուժ 5.0» ծրագրի հայտերի ընդունումը կերկարաձգվի 2 շաբաթով՝ մինչև հուլիսի 15-ը։ Այս տարի առաջին անգամ, որպես «Ներուժ»-ի բաղադրիչ, կներմուծվի աքսելերացիոն ծրագիր:

 «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում hունիսի 28-ին տեղի ունեցած «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրին նվիրված մամուլի ասուլիսում  այս մասին տեղեկացրել են ասուլիսի բանախոսները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը և ծրագրի մենթոր, SmartClick և Viral Mango ընկերությունների համահիմնադիր և գործադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Ռեմ Դարբինյանը։

Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ «Ներուժ» ծրագիրը յուրատեսակ ուղերձ է Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ նրանց փորձն ու ներուժը ներդնելու ի բարօրրություն Հայաստանի տնտեսության և էկոհամկարգի զարգացման:

«Այս ծրագրի հիմնական գաղափարն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը։ Ծրագրի բյուջեն կազմում է 90 մլն դրամ։ Մենք ոլորտային սահմանափակումներ չենք դնում, դիմողներն ազատ են իրենց գաղափարները ներկայացնելու հարցում։ Կարևորը լինեն ինովացիոն գաղափարներ։ Մեր խնդիրն է աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ մասնագիտական կարողություններով»,- ասել է Ռուբեն Սիմոնյանը։

Հայկ Ենգիբարյանը մանրամասներ է ներկայացրել այս տարի առաջին անգամ, որպես «Ներուժ»-ի բաղադրիչ ներմուծվող աքսելերացիոն  ծրագրի վերաբերյալ:

«Մենք նպատակ ունենք ներգրավել միջազգային կազմակերպություն, որը կաշխատի միջոցառման մասնակիցների հետ, կպատրաստի նրանց ամփոփիչ ելույթների ներկայացմանը, ինչպես նաև հաղթողների հետ մեկ ամիս շարունակ բոլոր բաղադրիչներով կաշխատի և կօգնի ապահովել նրանց մուտքը դեպի շուկա»,- ասել է Հայկ Ենգիբարյանը։ 

Ռեմ Դարբինյանը, որը «Ներուժի 2.0»֊-ի և «Ներուժի 3.0»-ի  շրջանակներում եղել է մենթոր, ընդգծել է, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են «Ներուժ»-ին,  պլաններ չունեին Հայաստան գալու, շատերն առաջին անգամ էին գալիս ծրագրի շնորհիվ։

«Իրենց համար բացահայտում էր, որ Հայաստանը կարող է լինել տեխնոլոգիական կենտրոն։ Եթե մինչ ծրագրին մասնակցելը իրենց ստարտափ գաղափարների իրագործումը պատկերացնում էին Սիլիկոնյան հովտում, Եվրոպայում կամ ուրիշ այլ պետություններում, ապա «Ներուժ»-ից հետո լուրջ նախադրյալներ են ստեղծվում Հայաստան վերադառնալու և կայուն բիզնես հիմնելու համար:  Կազմակերպությունը մեծանալով և  հաջողության հասնելով իր հետ կբերի նաև աշխատատեղերի ավելացում Հայաստանում»,- ասել է Ռեմ Դարբինյանը։

Նմանատիպ գրառումներ