Կայացել է մամուլի ասուլիս Նարայանա Մուրթիի մասնակցությամբ
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2023 թ․ դափնեկիր, «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթին նոյեմբերի 15-ին հյուրընկալվել էր Viva-ի գրասենյակում՝ համատեղ մամուլի ասուլիսի մասնակցելու նպատակով։
Մամուլի ասուլիսին մասնակցում էին մրցանակի դափնեկիրը՝ Նարայանա Մուրթին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը։ Ասուլիսին ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության անրտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Ներկաներին ողջունել է ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը.
«Մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար ունենալ պետական մրցանակ և այն հանձնել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման վրա։ Մեր նպատակն է գիտելիքահենք, տեխնոլոգիական նորարար լուծումների վրա հիմնված տնտեսության զարգացումն ու առաջընթացը, ինչն արտացոլված է ՀՀ կառավարության ծրագրերում։ Եվ յուրաքանչյուր տարի անցկացվող այս մրցանակաբաշխությունը, որը Հայաստան է բերում ոլորտի հսկաներին, մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ ու աշխատանքով փոխել ու փոխում են աշխարհը, ևս մեկ հաստատումն է մեր նպատակուղղված աշխատանքի՝ դառնալու աշխարհի համար ճանաչելի՝ որպես տեխնոլոգիական հաբ։ Նարայանա Մուրթիի անցած ճանապարհն օրինակ կարող է լինել շատ-շատ երիտասարդների համար՝ ձգտել ու հասնել առավելագույնի սեփական տաղանդի և աշխատասիրության շնորհիվ։ Եվ վստահ եմ, որ այս մրցանակաբաշխության շնորհիվ, Նարայանա Մուրթիի հետ հանդիպումներից հետո այդ երիտասարդների թիվը մեր երկրում ավելանալու է՝ ոգեշնչվելով նրա խոսքով, հեղինակությամբ ու ձեռքբերումներով»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը։
«Ուրախ եմ ողջունելու պարոն Նարայանա Մուրթիին մեր ընկերությունում: Պարոն Մուրթին բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներից է։ «Infosys»-ը ծրագրային ապահովման ծառայությունների համաշխարհային առաջատար է, որի համբավը ծրագրային ապահովման, ֆիզիկական և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ոլորտում անհերքելի է: Viva-ն մշտապես աջակցում է մեր երկրի ՏՏ ոլորտին․ ընկերությունը 14 տարի շարունակ այս կարևոր նախաձեռնության կողքին է: Հայաստանում տարեցտարի ավելանում է տեխնոլոգիական ընկերությունների և ստարտափների թիվը, ինչը վկայում է երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զգալի ներուժի մասին։ Այսօրվա հանդիպումը հիանալի հնարավորություն է այս ներուժի առկայությունը ևս մեկ անգամ արձանագրելու և ապագայի մեր տեսլականը վերանայելու և վերաիմաստավորելու համար: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այս կարևոր նախաձեռնությանը, և վստահ եմ, որ միասին մենք կկարողանանք նշանակալի ներդրում ունենալ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների հետագա զարգացման գործում», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը ամեն տարի հյուրընկալում է ՏՀՏ ոլորտի լեգենդներին։ Մեր տվյալներով, Հայաստանը միակ երկիրն է, որը մեծարում է ՏՀՏ ոլորտում նշանակալի ներդրում ունեցած անձանց։ Ինչպես ասել է մրցանակաբաշխության երկրորդ դափնեկիր Սթիվ Վոզնյակը․ «Այս մրցանակը ՏՀՏ ոլորտի Նոբելյան մրցանակն է», ինչը մեզ մի կողմից շատ ոգևորում է, իսկ մյուս կողմից՝ մեծ պատասխանատվություն է: Սա ևս մեկ կարևոր քայլ է՝ Հայաստանը աշխարհում ներկայացնել որպես մի երկիր, որը մեծարում է միջազգային տեխնոլոգիական լեգենդներին»,- ասել է «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը։
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը և միանալ նախկին դափնեկիրների նշանավոր շարքին, ովքեր նշանակալի ներդրում ունեն տեխնոլոգիական աշխարհում: Այս մրցանակը ընդգծում է նորարարության կենսական դերը առաջընթացի մեջ, և ես ոգևորված եմ Հայաստանի և համաշխարհային տեխնոլոգիական համայնքի միջև պոտենցիալ համագործակցության հնարավորություններով՝ շարունակելու առաջ մղել այդ ջանքերը»,- իր խոսքում նշել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2023 թ․ դափնեկիր Նարայանա Մուրթին։
Նարայանա Մուրթին Հնդկաստանի ՏՏ հեղափոխության մեջ առանցքային դեր է ունեցել: Նա իր տեսլականով, առաջնորդությամբ և բացառիկ ձգտումով «Infosys»-ը վերածել է բարձր նորարար ծրագրային ծառայություններ առաջարկող համաշխարհային ընկերության, որը 2024թ. փետրվարի դրությամբ Նյու Յորքի և Բոմբեյի (Մումբայի) ֆոնդային բորսաներում ցուցակագրված է մոտավորապես 18 մլրդ․ ԱՄՆ դոլար եկամուտով և ունի 82,87 մլրդ․ ԱՄՆ դոլար շուկայական կապիտալիզացիա: