Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի շրջանակներում առաջին անգամ անցկացվում է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը․ Ռուբեն Սիմոնյանը հանդես է եկել բացման խոսքով
- Հրապարակվել է՝ 14/11/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, նոյեմբերի 14-ին, ներկա է գտնվել Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի շրջանակներում առաջին անգամ անցկացվող Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի բացման արարողությանը:
Նախարարի տեղակալը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշել է, որ շատ ոգևորիչ է նմանատիպ միջոցառման անցկացումը Հայաստանում: Կարևորելով միջազգային ֆորումի առաջին անգամ Հայաստանում անցկացվելու փաստը՝ շեշտել է, որ համախմբելով տարբեր ազգերի և մշակույթների ինժեներների և գիտնականների ստեղծվում է միջավայր, որն հնարավորություն է տալիս միմյանց մշակույթն էլ ավելի լավ ճանաչելու՝ գլոբալ խնդիրներին կոմպլեքս լուծումներ տալու տեսանկյունից:
Անդրադառնալով օլիմպիադային՝ ընդգծել է, որ այն ոչ միայն մրցակցություն է ինժեներների կամ այլ գիտությունների միջև, այլ նաև հնարավորություններ աշխարհում գլոբալ փոփոխություններ բերելու առումով, քանի որ ժամանակակից մի շարք բարդ տեխնոլոգիաներ՝ սկսած վերականգնվող էներգետիկայից մինչև արհեստական բանականություն, սկիզբ են առել հենց ակադեմիական մրցակցությունից:
ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը՝ կարևորելով ֆորումի Հայաստանում անցկացման գաղափարը, հույս է հայտնել, որ այն կդառնա շարունակական՝ տարբեր երկրների մասնագետների համար կապեր հաստատելու, միասնական պրոյեկտներ իրականացնելով՝ փայլուն գաղափարներ ստեղծելու առումով:
«Գաղափարը բավականին ակտիվություն է առաջացրել՝ ողջունվել և սատարվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, USAID-ի և ՀՀ-ում գործող դեսպանատների կողմից»- ընդգծել է Բայդրյանը:
«Սինոփսիս»-ի առաջատար գիտնական և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանն, իր հերթին նշել է, որ խորհրդանշական է, որ ֆորումի անցկացումն այս տարի համակցված է Հայաստանում անցկացվող Արևելք-Արևմուտք նախագծման և փորձարկման 20-րդ սիմպոզիումի (EWDTS) հետ:
«Միկրոէլեկտրոնիկան այնքան բարդ և մրցունակ է, որը պահանջում է կապել գիտական գուրուներին, փորձառու տեխնոլոգներին, գործընկերներին, իրադարձություններին, և սա բեկումնային է»,- իր խոսքում նշել է Զորյանը:
2012 թվականից «Սինոփսիս» ընկերության նախաձեռնությամբ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան անցկացվում է Հայաստանում: Այն միջազգային մրցույթ է մինչև 30 տարեկան ճարտարագետների համար: Օլիմպիադային տարեկան մասնակցում են ավելի քան 5000 երիտասարդ մասնագետներ ավելի քան 33 երկրից:
ՏՀՏ գործատուների միության նախաձեռնությամբ այս տարի Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի շրջանակներում անցկացվում է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը: Նեղ մասնագիտական ֆորումը հյուրընկալել է միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային առաջատար ընկերությունների և բարձրակարգ մասնագետներին և քաղաքականություն մշակողներին, ովքեր ներկայացնելու և քննարկելու են միկրոէլեկտրոնիկայի այնպիսի ուղղությունների և զարգացման միտումների մասին, ինչպիսիք են՝ թվային միկրոսխեմաների նախագծում և փորձարկում, անալոգային և խառը ազդանշանային միկրոսխեմաների նախագծում և փորձարկում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիաներ, միկրոսխեմաների էլեկտրոնային նախագծման մաթեմատիկան և ալգորիթմները։