Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարարի տեղակալ  Գևորգ Մելիքսեթյանը ԱԺ հանձնաժողովում ներկայացրել է Հայաստանում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու զարգացմանն ուղղված օրինագիծը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 6-ի նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Առաջարկվող լրացումները, որոնք ուղղված են Հայաստանում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու զարգացմանը, ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ  Գևորգ Մելիքսեթյանը։

Նախարարի տեղակալը նշել է, որ 5G տեխնոլոգիայի ներդրման համար պահանջվում է որոշակի ռադիոհաճախականության տիրույթների ազատականացում։  ԲՏԱ նախարարի 2023 և 2024 թվականների համապատասխան հրամաններով 2300-2400 ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականություններն ազատականացվել և տրամադրվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ մրցույթի համար։

Գևորգ Մելիքսեթյանն ընդգծել է, որ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով  մատուցվող ծառայությունների նոր կիրառությունն անհրաժեշտություն է առաջացրել սահմանել նաև ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման և ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարներ՝ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար։

«Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է 2300-2400 ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը (միանվագ) 25 000 000 դրամ է, իսկ տարեկան օգտագործման վճարը՝ 16 800 000»,- նշել է նախարարի տեղակալը։

Հատկանշական է, որ անկախ բաժանորդային տերմինալների քանակից և օգտագործվող ռադիոհաճախականությունների ռեսուրսի չափից արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար ռադիոհաճախականությունների թույլտվության տրամադրման և օգտագործման տարեկան պարտադիր վճարները նախատեսվում է սահմանել 3 000 000-ական դրամ։

Գևորգ Մելիքմեթյանն ընդգծել է, որ նշված ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրումը կապահովի առնվազն 7 մլրդ 500 մլն դրամի միանվագ (տրամադրման մասով) և 5 մլրդ 40 մլն դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք (ընդհանուր գումարը՝ 12 մլրդ 540 մլն դրամ):

«ՀՀ տարածքում արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման համար ռադիոհաճախականությունների տրամադրման և օգտագործման յուրաքանչյուր դեպքում կապահովվի 3 մլն. դրամ միանվագ (թույլտվությունների տրամադրման մասով) և տարեկան 3 մլն.դրամ (հաճախականությունների օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջե  լրացուցիչ մուտք»,- ասել է նախարարի տեղակալը:

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մի շարք դրույթների շուրջ հնչած հարցադրումներին տրվել են մեկնաբանություններ և սպառիչ պատասխաններ։

Նմանատիպ գրառումներ