ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցում է GITEX GLOBAL 2025 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով
- Հրապարակվել է՝ 13/10/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Հոկտեմբերի 13-ին ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է «Ջայտեքս Գլոբալ 2025 (GITEX GLOBAL 2025) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ։ Ցուցահանդեսը համարվում է ոլորտի հեղինակավոր և առանցքային գլոբալ հարթակներից մեկն՝ ընդգրկելով արհեստական բանականության, կիբեռանվտանգության, կայուն տեխնոլոգիաների, թվային ենթակառուցվածքների և կենսատեխնոլոգիաների ոլորտները։
Միջազգային ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի առաջատար նախաձեռնությունները՝ միջազգային հարթակում ընդգծելով երկրի նորարարական ներուժը։
Նախարարության տաղավարում ներկայացված են «Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Ինժեներական քաղաք» ծրագիրը, «Ակադեմիական քաղաք» նախագիծը, ինչպես նաև NVIDIA & Firebird համագործակցության ծրագիրը։ Այս հարթակը հնարավորություն է տալիս հայկական տեխնոլոգիական թիմերին ներկայացնել իրենց նախագծերը, գաղափարներն ու լուծումները միջազգային գործընկերներին։
Ցուցահանդեսին որպես այցելու մասնակցում են նաև 11 հայկական տեխնոլոգիական ընկերություններ, որոնք ներկայացնում են իրենց նորարարական լուծումներն արհեստական բանականության, թվային փոխակերպման, էլեկտրոնային ուսուցման, արևային էներգիայի, 3D տեխնոլոգիաների և այլ առաջադեմ ուղղություններով:
«Ջայտեքս Գլոբալ 2025»-ի մեկնարկի օրը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը շրջայց է կատարել «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարում, ծանոթացել ներկայացված ընկերություններին ու կոնցեպտներին։ Սիմոնյանն ընդգծել է, որ «Ջայտեքս Գլոբալ»-ը Հայաստանի համար հարթակ է, որտեղ հնարավոր է ոչ միայն ցուցադրել հայկական տեխնոլոգիական առաջընթացն, այլև ձեռք բերել համագործակցության նոր հնարավորություններ և զարգացնել միջազգային գործընկերային կապեր:
Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ պանելային քննարկումներ, ոլորտային համաժողովներ, աշխատաժողովներ և դասընթացներ, որոնք մասնակիցներին հնարավորություն են տալիս ծանոթանալու ոլորտի զարգացման միտումներին, փոխանակելու փորձ և հաստատելու նոր գործարար կապեր: