Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարարի առաջին տեղակալն ընդունել է Salesforce ընկերության փոխնախագահին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce ընկերության Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչի գլխավորած պատվիրակությանը։

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է  նախարարության գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները, իրականացված աշխատանքներն` առանձնացնելով ոլորտի զարգացման աջակցման ծրագրերը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման  ուղղությամբ իրականցվող գործունեությունը։ Ընդգծվել է նորարարական տեխնոլոգիաների, «Ամպայինն առաջինը» քաղաքականության, կիբեռանվտանգության, թվային կառավարման համակարգերի ներդրման և զարգացման կարևորությունը՝ ապահովելու արդյունավետ, թափանցիկ և մատչելի ծառայություններ։

Նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաև տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ունեցած ձեռքբերումներին, մասնավորապես, միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների դիզայնի, գիտահետազոտական և մշակման (R&D) աշխատանքների, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում Հայաստանի դերի և դիրքի ամրապնդման ուղղությամբ իրականացված գործունեությանը։

Հրվոյե Սուպիչն, իր հերթին, խոսել է ընկերության գործունեության առանձնահատկություններից՝ նշելով, որ  Salesforce-ը ամպային տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծված գործիք է, որը հայտնի է որպես բիզնես գործընթացների, մասնավորապես, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (Customer relationship management) աշխարհի թիվ մեկ պլատֆորմ, որը կիրառում է արհեստական բանականություն (AI)։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ագենտիկ արհեստական բանականության, թվայնացման, նորարարությունների և միջազգային լավագույն փորձի համադրման հնարավորությունները՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման համատեքստում։ Քննարկումների արդյունքում նախանշվել  են համագործակցության մի շարք հնարավորություններ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ինեկոբանկի ներկայացուցիչները՝ գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանի գլխավորությամբ, որոնց հետ Salesforce-ն արդեն իսկ համագործակցում է հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) և բիզնես ավտոմատացման ուղղությամբ։

Նմանատիպ գրառումներ