Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը GITEX GLOBAL 2025-ի գլխավոր հարթակում

Հոկտեմբերի 13-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը  GITEX GLOBAL 2025 խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսի գլխավոր հարթակում հանդես է եկել «Տեխնոլոգիական ազդեցության նոր հավասարումը. Արդյո՞ք Արևմուտքի և Արևելքի երկվությունը դեռևս որոշում է համաշխարհային նորմերը» թեմայով ելույթով։

Ելույթի ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի դերը համաշխարհային բարձր տեխնոլոգիական էկոհամակարգում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման հեռանկարներին։ Նա նշել է Հայաստանի դիրքը կիսահաղորդչային արտադրության գլոբալ արժեշղթայում և դրա ինտեգրման ընթացքն՝ ընդգծելով ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության խորացման համատեքստում։

Սիմոնյանն անդրադարձել է նաև միջազգային խոշոր համագործակցությունների փորձին, մասնավորապես, NVIDIA-ի և Firebird-ի համագործակցությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ Հայաստանում 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ԱԲ սուպերհամակարգչային կենտրոնի ստեղծման ծրագրին:

Ելույթի ամփոփման ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումներն՝ ուղղված տեխնոլոգիական էկոհամակարգի և մարդկային կապիտալի զարգացմանը։ Նա առանձնացրել է պետական աջակցության առաջնահերթությունները` հատկապես գիտահետազոտական (R&D) ոլորտին տրամադրվող արտոնությունները։

GITEX GLOBAL 2025 ցուցահանդեսն անցկացվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում՝ հոկտեմբերի 13-17-ը։ Ակնկալվում է ավելի քան 200,000 այցելուների մասնակցություն։ Միջոցառման գլխավոր հարթակում Հայաստանի տեխնոլոգիական ներուժի ներկայացումը նպաստում է երկրի ճանաչելիության բարձրացմանը տեխնոլոգիական աշխարհում՝ խթանելով նորարարական տեխնոլոգիաների և ներդրումների ներհոսքը Հայաստան։

Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ցուցահանդեսին մասնակցում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով՝ ներկայացնելով ոլորտային չորս խոշորագույն նախագծեր և տեխնոլոգիական էկոհամակարգի 11 կազմակերպությունների լուծումներ։

Նմանատիպ գրառումներ