ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «EDA Connect 2025: Bridging Industry and Academia» գիտաժողովի բացման արարողությանը
- Հրապարակվել է՝ 14/03/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել Երևանում մարտի 13-14-ը ընթացող «EDA Connect 2025: Bridging Industry and Academia» գիտաժողովի բացման արարողությանը, որը միտված է էլեկտրոնային նախագծման ավտոմատացման /EDA/, կիսահաղորդիչների նախագծման և ոլորտում համագործակցության զարգացման խթանմանը:
Ռուբեն Սիմոնյանը ողջունելով և բարի գալուստ մաղթելով հյուրերին Հայաստանում՝ նշել է, որ «EDA Connect 2025: Bridging Industry and Academia» գիտաժողովը հնարավորություն է ստեղծում միավորելու արդյունաբերության առաջատարներին, նորարարներին, գիտնականներին և ինժեներներին՝ փորձ և գիտելիքներ փոխանակելու, ապագայում էլեկտրոնային համակարգերի նախագծման ուղղությամբ նոր հնարավորություններ, ուղիներ ու մարտահրավերներ քննարկելու և գտնելու հարցում:
Սիմոնյանն անդրադառնալով տարբեր երկրներից, համալսարաններից, հետազոտական ինստիտուտներից և ոլորտի առաջատար ընկերություններից գիտաժողովին մասնակցելու փաստին՝ ընդգծել է քննարկումներում մասնակիցների ակտիվ ներգրավվման և համագործակցության նոր հնարավորություններ ուսումնասիրելու կարևորությունը:
Ողջույնի խոսքով է հանդես եկել նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
«EDA առանցքային է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման համար։ Այս տեխնոլոգիաների զարգացումն էական նշանակություն ունի ինչպես գիտական հետազոտությունների, այնպես էլ արդյունաբերական կիրառությունների համար՝ գլոբալ շուկայում ապահովելով մրցունակություն։ Քանի որ էլեկտրոնային համակարգերը գնալով բարդանում են, մեր համատեղ ջանքերը՝ ուղղված նախագծման ավտոմատացմանը, օպտիմալացմանը և նորագույն տեխնոլոգիաներին, կարևոր նշանակություն ունեն նորարարությունների խթանման և թվային նախագծման ապագան ձևավորելու համար»,- իր խոսքում մասնավորապես նշել է Սաղյանը:
Այնուհետև տեղի է ունեցել գիտաժողովի հիմնական նիստը, որի բանախոսներ են եղել «Siemens Digital Industries Software»-ի ինժեներիայի գծով տնօրեն Սեդրակ Սարգսյանը, «Synopsys Inc»-ի Հետազոտության և զարգացման ճարտարագիտության տնօրեն Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև միջազգային ընկերությունների ոլորտի ակնառու այլ բանախոսներ:
Նախաձեռնությունը, որը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից և աջակցություն է ստացել Հայ-Ռուսական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և այլ կառույցների կողմից, նպատակ ունի Էլեկտրոնային ձևավորման ավտոմատացում (EDA) ոլորտում խթանելու հետազոտությունները, համագործակցությունը և նորարարությունը՝ այն դասելով որպես ռազմավարական առաջնահերթություն Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացման համար։
Գիտաժողովի շրջանակում մարտի 14-ին տեղի է ունենալու Հաքաթոն, որտեղ մասնակիցները կկիրառեն իրենց SystemVerilog գիտելիքները նախագծերի ստեղծման վրա, իսկ լավագույն նախագծերը կպարգևատրվեն մրցանակներով։