Նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ մշտական հանձաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ԲՏԱ ոլորտի 2026թ․-ի բյուջեի նախագիծը
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 28-ի համատեղ նիստում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է 2026թ.-ի բյուջեում նախատեսված նախագծերը։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար հատկացվում է 37.3 մլրդ դրամ, որից 31.2 մլրդ-ով կիրականացվի 4 բյուջետային ծրագիր՝ 16 միջոցառումներով։ Այս գումարը չի ներառում ռազմարդյունաբերության և տիեզերական ոլորտների բյուջեները, որոնք կներկայացվեն առաջիկայում։
Նախարար Հայրապետյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրով 2026թ.-ին նախատեսվում է 21.1 մլրդ դրամ հատկացում։ 2026թ.-ից «Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառումը կվերանվանվի «Տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների զարգացում» և կիրականացվի 4 ուղղություններով։
Ներկայացնելով միջոցառման չորս ուղղությունները՝ նախարարը նշել է, որ առաջին ուղղության շրջանակում պետություն-մասնավոր համագործակցությամբ նախատեսվում է ֆինանսավորում տեխնոլոգիական կազմակերպություններին (30 մլն դրամ), երկրորդ ուղղությամբ՝ դասընթացներ մարզերում տեղեկատվական անվտանգության և արհեստական բանականության թեմաներով (100 մլն դրամ), երրորդ ուղղությամբ՝ երկու Հաքաթոնների կազմակերպում, որտեղ թիմերը կմրցեն իրենց գաղափարներով և նախագծերով (60 մլն դրամ), իսկ չորրորդ ուղղության շրջանակում՝ ՏՏ դասընթացներ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության հուշագրի շրջանակում՝ 550 մասնագետների վերապատրաստմամբ (13 մլն դրամ): Միջոցառման ընդհանուր բյուջեն կազմում է 213 մլն դրամ։
Անդրադառնալով «Շուկաների զարգացում և միջազգային համագործակցություն» միջոցառմանը՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ոլորտային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին մասնակցելու համար աջակցություն է ցուցաբերվում հայկական ոլորտային ընկերություններին և միություններին, որով 2026թ.-ին նախատեսվում է շուրջ 345 մլն. դրամ։
Նախարարի խոսքով՝ «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» միջոցառման համար 2026թ.-ին կպահանջվի 968,0 մլն դրամի ֆինանսավորում, որից 540.0 մլն. դրամը կուղղվի Plug and Play միջազգային աքսելերացիոն ծրագրին։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2026»-ի համար հատկացվում է 200 մլն դրամ։ Նախարարը հատուկ ընդգծել է, որ 2025թ.-ին սույն միջոցառումն իրականացվել է պետական համաֆինանսավորմամբ։ «Գաղափարից մինչև բիզնես» բաղադրիչի համար նախատեսվել է 75,0 մլն դրամ, իսկ Կապանում «Դեպի աշխատաշուկա» նորարարական կենտրոնի համար՝ 150,0 մլն դրամ։ Վերջինս ուղղված է տարածքային համաչափ զարգացմանը և մարզերում տեխնոլոգիական կրթության խթանմանը։
Ներկայացնելով «Պետական աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին» ծրագիրը և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը՝ նախարարն ընդգծել է, որ 2025թ․-ին հատկացված 29,0 մլրդ դրամի փոխարեն 2026թ․-ին 19,0 մլրդ է տրամադրվելու ծրագրին՝ հաշվի առնելով այն, որ 2025թ․-ին ծրագրի կատարողականը կազմելու է գրեթե 10,0 մլրդ դրամ։ Միաժամանակ նախարարը պարզաբանել է, որ 19,0 մլրդ դրամի հատկացումը կապված է ծրագրի կիրառման արդյունավետության բարձրացման և ոլորտի շարունակական աճի ապահովման հետ։
Նախարար Հայրապետյանը հայտնել է, որ նախարարությունն առաջին անգամ մշակում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարական ծրագիր։ Աշխատանքները մեկնարկել են 2025թ.-ին պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ մոտ 50,0 մլն դրամով, իսկ 2026թ.-ին վերջնական փաստաթուղթը ձևավորելու համար կպահանջվի ևս 18,7 մլն դրամ։
Մխիթար Հայրապետյանը նաև անդրադարձ է կատարել նախարարության կողմից իրականացվող երկու հիմնական միջոցառումներին՝ «Հեռահաղորդակցության ապահովում» (964,3 մլն դրամ) և «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» (8 մլրդ 82,2 մլն դրամ)։
Նիստում նախարար Հայրապետյանը պատասխանել է պատգամավորների կողմից հնչեցված հարցերին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ արհեստական բանականության կիրառելիության վերաբերյալ հարցին պատասխանելով՝ նախարարը հիշեցրել է, որ ամիսներ առաջ հայտարարվել է արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի ստեղծման մասին։ Ըստ նրա՝ վիրտուալ հարթակն ուղղված է ԱԲ ոլորտում հետազոտողներին, ստարտափերներին, գիտահետազոտական կրթական ինստիտուտներին և բարձրագույն ուսումնական հաստատություններին խրախուսելուն։