Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Ուսանողական ազգային կիբեռվարժանքի եզրափակիչ փուլին

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «ԿիբեռԱմիս 2025»-ի շրջանակում անցկացվող Ուսանողական ազգային կիբեռվարժանքի եզրափակիչ փուլին։ Եզրափակչում հանդես են եկել ընտրված 60 ուսանողներ, որոնք փորձարկել են իրենց գիտելիքներն ու թիմային հմտություններն իրական կիբեռսցենարների պայմաններում։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ այս կիբեռվարժանքը միավորում է Հայաստանի ապագա կիբեռպաշտպաններին՝ իրենց գիտելիքները զարգացնելու, հմտությունները կատարելագործելու և թվային աշխարհն առաջնորդելու նպատակով։ Նրա խոսքով՝ կիբեռվարժանքը ոչ միայն մրցույթ է, այլև հնարավորություն՝ գիտելիքը գործնականում կիրառելու, նոր հմտություններ ձեռք բերելու և ձևավորելու այն թիմային ոգին, որն անհրաժեշտ է թվային անվտանգության ամրապնդման համար։

«Հայաստանը թվայնացման օրակարգին զուգահեռ փոխակերպվում է և այս առաջընթացը բերում է նաև նոր սպառնալիքներ և մարտահրավերներ, որոնցից պետք է պաշտպանել յուրաքանչյուր համակարգ։ Այդ իսկ պատճառով կիբեռանվտանգությունը պետք է լինի առաջնահերթություններից մեկը։ Այն այլևս ոչ միայն տեխնիկական պահանջ է, այլև հանրային վստահության հիմք»,- ընդգծել է Գևորգ Մանթաշյանը։

Իր խոսքում նախարարի առաջին տեղակալը նաև նշել է, որ կիբեռվարժանքի արդյունքում կձևավորվի Հայաստանի ազգային ուսանողական կիբեռթիմը, որը 2026 թվականին կներկայացնի Հայաստանը Եվրոպական կիբեռանվտանգության մրցույթում (European Cybersecurity Challenge, ECSC):

Նշենք, որ Ուսանողական ազգային կիբեռվարժանքն իրականացվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ)  նախաձեռնությամբ՝ ներգրավելով Հայաստանի տարբեր համալսարանների ավելի քան 200 ուսանողի։

Նմանատիպ գրառումներ