Ազգային ժողովում քննարկվել են կիբեռանվտանգությանը և հանրային տեղեկություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները
- Հրապարակվել է՝ 28/02/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Նորություն
- Պաշտոնական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 28-ին Ազգային ժողովում մասնակցել են «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը, որին ներկա են եղել նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության, Պետական-իրավական, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ թվային անվտանգությունը ազգային անվտանգության անբաժանելի մաս է, ըստ նրա՝ ժամանակակից պետությունների կառավարման, պաշտպանության, տնտեսության ոլորտները հիմնվում են հենց թվային տեխնոլոգիաների վրա։ Նա ներկայացրել է «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքների նախագծերը՝ մանրամասն ընդգծելով դրանց անհրաժեշտությունը, թվային անվտանգության մարտահրավերները և դրանց լուծման մեխանիզմները։
Քննարկման ընթացքում մասնակիցները փոխանակել են տեսակետներ, անդրադարձել օրենսդրական նախաձեռնությունների կարևորությանը, դրանց կիրառման հնարավորություններին և ոլորտային զարգացումների ուղղություններին։
Աշխատանքային քննարկումը նախագահում էր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Քննարկմանը մասնակցում էին նաև ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանը և Անուշ Քլոյանը, ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ Արշակ Քերոբյանը, Արտյոմ Մեսրոպյանը, ՀՀ Տեղեկատվական համակարգերի կառավարման գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ և անկախ փորձագետները։