Նախարարի տեղակալը հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին՝ աջակցելու նրանց մասնագիտական կողմնորոշման գործում
- Հրապարակվել է՝ 28/02/2025
- Թեմաներ
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
- Կարևոր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանի հետ փետրվարի 27-ին հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի աշակերտների հետ՝ նրանց մասնագիտական կողմնորոշմանն աջակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ծանոթացել է աշակերտների հետաքրքրություններին և մասնագիտական ձգտումներին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների համար ստեղծվող հնարավորությունները։
Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության 2025 թվականի ծրագրերն ու միջոցառումները՝ առանձնացնելով «Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին ոլորտ մուտք գործելու և աշխատաշուկայում մրցունակ դառնալու գործում։
«Այս տարի նախատեսվում է իրականացնել ՏՏ ոլորտի դասընթացներ Հայաստանի յոթ մարզերում՝ շուրջ 700 մասնակցի համար։ Բացի այդ, նախատեսված են տեխնոլոգիական երեք հաքաթոն, ինչը հիանալի հնարավորություն է երիտասարդների համար՝ ձեռք բերելու նոր հմտություններ և կապեր ոլորտի մասնագետների հետ»,- նշել է նախարարի տեղակալը։
Սիմոնյանը ներկայացրել է նաև տեխնոլոգիական ոլորտի զարգացման յոթամյա նոր ծրագիրը, որով նախատեսվում է պետական աջակցության նոր գործիքակազմերի ներդրում և հարկային արտոնությունների տրամադրում տեխնոլոգիական ընկերություններին։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է խթանել բուհերի և տեխնոլոգիական ընկերությունների համագործակցությունը՝ բարձրակարգ մասնագետների պատրաստման համար, ստեղծել նոր կրթական հնարավորություններ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների համար, խթանել տեխնոլոգիական ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։
«Տեխնոլոգիաները մեր երկրի զարգացման առանցքային ուղղություններից են, և մենք կարևորում ենք երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը այս ոլորտում։ Ուրախ ենք, որ մեր ծրագրերը կարող են նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, և պատրաստ ենք շարունակաբար աջակցել այս ճանապարհին»,- ընդգծել է Ռուբեն Սիմոնյանը։
Հանդիպման ավարտին աշակերտները հնարավորություն են ունեցել ուղղելու իրենց հարցերը, կիսվելու իրենց մտահոգություններով և քննարկելու իրենց հետագա մասնագիտական ուղին։