Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կայացել է «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի գործադիր հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 29-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի մասնակցությամբ տեղի է  ունեցել «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի գործադիր հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստի նպատակն էր քննարկել ծրագրի ռազմավարական վերահսկողության ապահովման, արդյունավետ որոշումների կայացման և գործընթացի շարունակական ուղղորդման մեխանիզմները:

Ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ ՀՀ կառավարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի համաֆինանսավորմամբ:

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հեննիգը, ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Յոսիպ Յուրիչը, ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանը, ծրագրի ղեկավար Ռաֆայել Ֆաուչը և GIZ-ի հայաստանյան գրասենյակի Խաղաղ և ներառական հասարակություններ ոլորտի համակարգող Թոմ Լանդեսը։

Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է ազգային կիբեռանվտանգության կարողությունների ամրապնդմանը միտված ՀՀ կառավարության 2025-2026թթ. ռազմավարական ուղենիշերը՝ ընգծելով պետական կառույցների, միջազգային գործընկերների և մասնավոր հատվածի սերտ համագործակցության կարևորությունը կիբեռանվտանգության համապարփակ զարգացման և մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու գործում:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ծրագրի իրականացման ընթացիկ փուլերը, արձանագրված հաջողությունները և առկա մարտահրավերները՝  նպատակ ունենալով ձևակերպել ռազմավարական նոր մոտեցումներ, որոնք կապահովեն ծրագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններին և կխթանեն շահառու կողմերի միջև արդյունավետ համագործակցությունը:

Նմանատիպ գրառումներ