Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկրին նվիրված մամուլի ասուլիսին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկրին նվիրված ասուլիսին։

Մամուլի ասուլիսին ներկա էին մրցանակի դափնեկիր, «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը, Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, ինչպես նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Ողջունելով ներկաներին՝ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ մեծապես գնահատում է Վինսենթ Ռոշի մասնակցությունը միջոցառմանը: 

«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Վինսենթ Ռոշին՝ Հայաստան ժամանելու, այս մրցանակն անձամբ ստանալու և մեզ հետ միասին այս ճանապարհն անցնելու համար։ Այս ճանապարհը միայն նրա համար չէ, որ նա ճանաչվի մրցանակակիր․ դա նաև մեր ընդհանուր, միասնական ջանքերի արձանագրումն է, որովհետև տվյալ ոլորտը մեր առաջնահերթություններից է և չափազանց կարևոր է, որպեսզի մարդիկ, ովքեր հաջողության են հասնում, ճանաչելի դառնան և ըստ արժանվույն գնահատվեն։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գաղափարակիցներին, ովքեր այս ամենը կազմակերպել են և այս նախաձեռնության ակունքներում են»,-ասել է նա:

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 16-րդ դափնեկիր դոկտոր Ռոշն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ՀՀ պետական մրցանակի արժանանալու համար, նշել է. «Մեծ պատիվ և պատասխանատվություն է այս ճանաչմանն արժանանալը աշխարհի առաջամարտիկներին և համայնքներին միավորող երկու արժեքների՝ նորարարության ու գործած ազդեցության համար։ Ապագայում էլ մենք հանձնառու ենք հզորացնել հաջորդ սերնդին և խրախուսել երիտասարդ տաղանդներին, ովքեր կստեղծեն լուծումներ, որոնց մասին ներկայումս պատկերացում անգամ չունենք»:

Մամուլի ասուլիսին ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Վինսենթ Ռոշը ղեկավարում է «Analog Devices Inc.» (ADI) ընկերությունը, որը բարձր արդյունավետությամբ կիսահաղորդիչների առաջատար մատակարար է։ ADI-ն տրամադրում է անգերազանցելի ինտելեկտուալ լուծումներ՝ ուղղված մարդկության առջև ծառացած ամենահրատապ մարտահրավերների լուծմանը՝ կապի, առաջատար արտադրությունների, առողջապահության, կայուն էներգիայի, սպառողական էլեկտրոնիկայի և տրանսպորտի ոլորտներում։

Ռոշը նաև հանդիսանում է Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Նախագահական գլխավոր գործադիր տնօրինության խորհրդատվական խորհրդի և Մասաչուսեթսի բարձր տեխնոլոգիաների ղեկավարության խորհրդի անդամ։ Ռոշն ունի էլեկտրոնային համակարգերի բակալավրի աստիճան և ճարտարագիտական գիտությունների պատվավոր դոկտորի կոչում։ 

Նմանատիպ գրառումներ