Մխիթար Հայրապետյանը մասնակցել է ՏՀՏ գործատուների միության 2024թ․ առաջին համաժողովին
- Հրապարակվել է՝ 01/02/2024
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
Հունվարի 31-ին տեղի է ունեցել ՏՀՏ գործատուների միության 2024թ․ առաջին համաժողովը։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։
Նախարար Մխիթար Հայրապետյանն իր խոսքում կարևորել է ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունների և ռազմավարությունների մշակումը՝ այդ համատեքստում ընդգծելով Գիտության և տեխնոլոգիաների խորհրդի ձևավորման կարևորությունը, որտեղ կամփոփվեն նոր գաղափարներ, նոր լուծումներ՝ հանգեցնելով ոլորտի զարգացման նոր արդյունքի:
«Ուզում եմ նշել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որպես գործադիր իշխանության ձեր հիմնական և կարևորագույն գործընկերներից մեկը, մտադիր է ամենօրյա աշխատանքի արդյունքով դառնալ այն հարթակը, որտեղ դուք և համայնքի բոլոր ներկայացուցիչները կարող եք լուծումների նոր գաղափարներ գեներացնել՝ մասնակիցը լինելով նույն քաղաքականությունների և ռազմավարությունների մշակմանը: Մեր պատկերացմամբ Հայաստանը պետք է հավակնի դառնալու գիտատեխնոլոգիական միջազգային կենտրոն, իր մեջ, ըստ էության, համախմբելով գիտությունը, ինժեներությունը, ՏՏ ոլորտը, որն էլ այս շրջափուլը կամփոփի արդյունաբերության և արտադրության տեսքով»:
Անդրադառնալով ոլորտի զարգացման ռազմավարության մշակմանը՝ նախարարը նշել է, որ արդեն իսկ աշխատանք կա արված, այսօր պարզապես անհրաժեշտություն կա համադրելու բոլոր մոտեցումները, պատկերացումները, մշակել ռազմավարությունը և դրանից բխեցնել ճանապարհային քարտեզ իր գործողություններով և միջոցառումներով:
Համաժողովի ընթացքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ամփոփել է 2023թ-ին Միության գրանցած հաջողությունները և ձեռքբերումները, ներկայացրել 2024թ․ սպասվող ծրագրերը և նախաձեռնությունները:
2024թ․ ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) հետ միասին Միությունը աշխատելու է ռազմավարության մշակման վրա։ Համաժողովի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ խորհրդատուն ներկայացրեց նոր ռազմավարության ստեղծման մեթոդոլոգիան և ուղղությունները։