Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Թուրքմենստանի կրթության փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 27-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Թուրքմենստանի կրթության փոխնախարար Ազատ Աթաևի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ 

Ողջունելով պատվիրակությանը՝ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է տեխնոլոգիական կրթության ոլորտում Հայաստանի ունեցած փորձը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև տարբեր ուղղություններով առկա է արդյունավետ համագործակցություն, ինչպես նաև մեծ ներուժ՝ հետագա գործակցության համար։

Նախարարի տեղակալն անդրադարձել է ԲՏԱՆ գործունեության հիմնական ուղղություններին,  նշել, որ տնտեսական առաջընթաց ապահովելու համար մեծ կարևորություն է տրվում որակյալ կրթության, նորարարության ու գիտության զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ տեխնոլոգիաների արագ զարգացումը պահանջում է, որպեսզի կրթական համակարգը ևս համահունչ լինի ժամանակի պահանջներին։ 

Ազատ Աթաևն իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական կրթության զարգացմանն ուղղված Թուրքմենստանի տեսլականը,  կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Թուրքմենստանի հարգարժան նախագահի  ղեկավարությամբ իրականացվող բարեփոխումները,  ընդգծել   տեխնոլոգիական կրթության զարգացման,  կրթության, գիտության և արտադրության փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները։   Նա նաև ներկայացրել է Թուրքմենստանում մշակված և կիրառվող նորարարական թվային լուծումները,  բուհերի տեխնոլոգիական մշակումները, որոնք ներդրվում են արտադրությունում՝ ընդգծելով այս ոլորտում հայկական լավագույն փորձի ուսումնասիրման և համագործակցության ձևաչափերի ընդլայնման նկատմամբ հետաքրքրվածությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ռազմավարությանը, օրենքի ուժ ստացած յոթնամյա ծրագրին, որով պետությունը արտոնություններ է տրամադրում ինչպես ոլորտային ընկերություններին, այնպես էլ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական գործունեություն իրականացնող կազմակերպություններին։ Ներկայացվել է նաև Ինժեներական քաղաքի, թվայնացման, կիբեռանվտանգության ուղղությամբ իրականացվող գործունեությունը, մարզերում տեխնոլոգիաների առաջընթացին ուղղված նախաձեռնությունները, ստարտափ էկոհամակարգի զարգացման նպատակով միջազգային աքսելերատորի հետ համագործակցության փորձը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները երկու երկրների ոլորտային մասնագետների մասնակցությամբ՝ նախանշելով հետագա գործակցության կոնկրետ ուղղությունները։

Նմանատիպ գրառումներ