Կայացել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շահառուների առաջին հանդիպումը
- Հրապարակվել է՝ 26/11/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ կայացել է Արհեստական բանականության (ԱԲ) վիրտուալ ինստիտուտի հավանական շահառուների առաջին հանդիպումը։
Ողջունելով մասնակիցներին` ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է ինստիտուտի գործունեության հիմնական նպատակը, ուղղություններն ու նախատեսվող աջակցության հնարավորությունները:
Խոսելով ԱԲ վիրտուալ ինստիտուտի ստեղծման մասին՝ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ գաղափարը ձևավորվել էր դեռևս նախորդ տարիներին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանում ԱԲ ոլորտի մասնագետների թիվը, բարձրացնել երկրի մրցունակությունն արտադրողականության բարձրացման միջոցով, ընդլայնել ԱԲ հետազոտությունների և նորարարական նախագծերի իրականացումը, ինչպես նաև ամրապնդել հայկական ԱԲ էկոհամակարգը։
Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին (High-performance computing) հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի նախագիծը և դիմելու կարգի մասին քննարկում ծավալել։ Ծրագիրը հնարավորություն կտա շահառուներին ստանալ ԱԲ նախագծերի մշակման և փորձարկման համար անհրաժեշտ ռեսուրսներ՝ գրաֆիկական մշակման միավոր (GPU) և տվյալների պահուստավորման այլ տիրույթ։ Հաշվողական ռեսուրսներին զուգահեռ տրամադրվելու են նաև մասնագիտական խորհրդատվություն և մենթորություն՝ շահառուների նախագծերի ամբողջական զարգացմանը նպաստելու համար։
Գևորգ Մանթաշյանը տեղեկացրել է, որ տվյալ ռազմավարական նախաձեռնության գործընկերներ են Amazon Web Services և Mistral AI ընկերությունները։
Այնուհետև տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում բարձրաձայնված բազմաթիվ հարցերին տրվել են մանրամասն և ամբողջական պարզաբանումներ: Հանդիպումն ավարտվել է քննարկված թեմաների ամփոփմամբ և առաջիկա քայլերի հստակեցմամբ, որոնք միտված են ապահովելու ԱԲ վիրտուալ ինստիտուտի կայուն և արդյունավետ գործարկումը։
Հանդիպմանը մասնակցել են ոլորտի ներկայացուցիչներ, հետազոտողներ և նորարարական նախագծերով զբաղվող շահառուներ։